Վաղը, ժամը 16։00-ից «Գառնի» պատմամշակութային հուշահամալիրի մուտքը փակ կլինի
Օգոստոսի 13-ին, ժամը 18։00-ին, Մոսկվայի դասական նվագախումբը (Moscow Classic Ensemble-ը) հրավիրում է «Գառնի» պատմամշակութային արգելոց-թանգարան` մասնակցելու «Երեխաները ուզում են նվագել» բարեգործական համերգին։ Այս մասին տեղեկացնում է «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ը:
Moscow Classic Ensemble-ի կատարումներով կհնչեն Արամ Խաչատրյանի, Առնո Բաբաջանյանի, Իգոր Ստրավինսկու, Անտոնին Դվորժակի, Էդվարդ Գրիգի, Մոդեստ Մուսորգսկու հայտնի ստեղծագործությունները։
Միջոցառման շրջանակում կգործի նաև տոնավաճառ-ցուցահանդես, որտեղ ներկայացված կլինեն «Տերյան» մշակութային կենտրոնի, Հադրութի մանկապատանեկան ստեղծագործական կենտրոնի և «Հադրութի դեօկուպացիա» հասարակական կազմակերպության երիտասարդ ստեղծագործողների աշխատանքները։ Կներկայացվեն նաև հայտնի նկարիչ-դիզայներ Լիլիա Մելիքյանի «Անցյալի ապագա» տարազները:
Համերգից ստացված հասույթով միջոցառման կազմակերպիչները երաժշտական գործիքներ ձեռք կբերեն արցախցի այն երեխաների համար, որոնց ընտանիքները ստիպված են եղել լքել իրենց օջախները 44-օրյա պատերազմի ընթացքում։
Նախատեսվում է նաև վճարել նրանց ուսուցման վարձը երաժշտական կրթօջախներում՝ հնարավորություն տալով երեխաներին շարունակել իրենց ուսումը։
Կարծիքներ