Եթե Սրբազանը ճիշտ է ասում, թե իրեն նման բաներ են ասել, ուրեմն արտաքին ուժերի ազդեցության գործակալ է. Ռուբինյան

Եթե Սրբազանը ճիշտ է ասում, թե իրեն նման բաներ են ասել, ուրեմն արտաքին ուժերի ազդեցության գործակալ է. Ռուբինյան

ԱԺ փոխխոսնակ Ռուբեն Ռուբինյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում անդրադարձել է Բագրատ Գալստանյանի հայտարարությանը:

«Երեկ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը ևս մեկ անգամ եթերում կրկնել է մի քանի օր առաջ իր արած հայտարարությունը այն մասին, որ իրեն արտաքին ուժերը փոխանցել են տեղեկություններ, որ եթե Նիկոլ Փաշինյանը վերընտրվի, Հայաստանը վերածվելու է թմրանյութերի ու փողերի լվացման կենտրոնի, ընտանիքի մոդելի խեղման վայրի և այլն: Այս անգամ նաև ավելացրել է, որ արտաքին ուժերն ասել են, որ Հայաստանը վերածվելու է «գունավոր հեղափոխությունների ճամբարի»:

Կրկնում եմ՝ եթե Սրբազան հայրը ճիշտ է ասում, որ իրեն նման բաներ են ասել, ուրեմն ինքը արտաքին ուժերի ազդեցության գործակալ է:

Եթե պարզվի, որ այդպես է, պետք է անհապաղ պարզել, թե որ ուժերի ազդեցության գործակալն է նա, ու նաև պետք է պարզել, թե ինչ առնչություն ունի այս պատմության հետ հարգարժան Սրբազան հոր անմիջական ղեկավար Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ-ն: Հույս ունեմ, որ վերջինս կպարզաբանի իր վերաբերմունքը ՀԱԵ արքեպիսկոպոսի ենթադրյալ հավաքագրման վերաբերյալ:

Ի դեպ, մոտ մեկուկես տարի առաջ մեկ այլ մեծապատիվ արքեպիսկոպոս Միքայել Աջապահյանը հայտարարել էր, որ «Պետք է ռազմական հեղաշրջում արվի, թե չէ Հայաստանը կդառնա էրմենիստան»:

Այն ժամանակ ես սրան լուրջ չէի վերաբերվել՝ համարելով, որ Սրբազան հայրը պարզապես հոգեպես անհավասարակշիռ վիճակում է: Ի վերջո, կուսակրոն եկեղեցականի կյանքը դժվար կյանք է, պետք էր ըմբռնումով մոտենալ:

Բայց Բագրատ սրբազանի խոստովանությունից հետո հարց է առաջանում՝ գուցե Միքայել սրբազանին նո՞ւյնպես «արտաքին ուժերն» են հորդորել նման կոչով հանդես գալ: Սա պետք է պարզել: Հուսով եմ՝ Սրբազան հայրը սա կպարզաբանի:

Հուսով եմ նաև, որ իր ոճով չի ասի՝ «Ձեր ի՞նչ գործն է՝ մենք ռազմական հեղաշրջման կոչ անո՞ւմ ենք, թե՞ չէ»: Որովհետև վստահաբար մեր գործն է»,- գրել է Ռուբինյանը:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում