Այս տարվա հուլիսը կարող է դառնալ աշխարհում ռեկորդային ամենաշոգ ամիսը. Գուտերեշ
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը հայտարարել է, որ 2023 թվականի հուլիսը պատրաստվում է փոխել ջերմության նախկին չափորոշիչները: Ինչպես հայտնում է Reuters-ը՝ գիտնականները հայտարարել են, որ այս տարվա հուլիսն աշխարհում ռեկորդային ամենաշոգ ամիսն է լինելու:
ՄԱԿ-ի Համաշխարհային օդերևութաբանական կազմակերպությունը և ԵՄ-ի «Կոպեռնիկոս» կլիմայի փոփոխության ծառայությունը համատեղ հայտարարությամբ ասել են, որ չափազանց հավանական է, որ 2023 թվականի հուլիսը կգերազանցի ռեկորդը:
«Պետք չէ սպասել ամսվա ավարտին, որպեսզի իմանանք դա: Եթե հաջորդ օրերին մինի սառցե դարաշրջան չլինի, 2023 թվականի հուլիսը ռեկորդ կսահմանի ամբողջ աշխարհում»,-ասել է Գուտերեշը:
Խոսելով կլիմայի փոփոխության մասին՝ նա ասել է, որ դա սարսափելի է և դեռ սկիզբն է:
Հուլիսյան շոգի հետևանքները տեսանելի են ամբողջ աշխարհում: Հազարավոր զբոսաշրջիկներ փախել են հունական Հռոդոս կղզու անտառային հրդեհներից: Չինաստանի հյուսիս-արևմուտքում ջերմաստիճանը բարձրացել է մինչև 52.2 C՝ գերազանցելով ազգային ռեկորդը:
Համաշխարհային օդերևութաբանական կազմակերպությունը, սակայն, դեռևս չի գրանցի ռեկորդը, կսպասի մինչև օգոստոս՝ վերջնական տվյալներին:
Կարծիքներ