Արցախի խորհրդարանում քննարկել են ՏՏ ոլորտի զարգացման հեռանկարները
Արցախի Հանրապետության Ազգային ժողովում հուլիսի 6-ին կազմակերպվել է քննարկում տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի զարգացման թեմայով: Ինչպես հայտնեցին Արցախի Հանրապետության Ազգային ժողովից, նախաձեռնությունը Արցախի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությանն է եղել: Քննարկմանը ներկա է գտնվել Արցախի տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Հայկ Խանումյանը :
Արցախի հանրապետությունում տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի զարգացմանն ուղղված 2021 թվականի պետական աջակցության ծրագիրը ներկայացրել է տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Սմբատ Պետրոսյանը:
Նա նախ անդրադարձել է 6-12 ամսվա կտրվածքով կարճաժամկետ ծրագրին, որը նախատեսվում է կազմակերպել Մարտունիում, Մարտակերտում և Ասկերանում:
Ծրագրի նպատակը ՏՏ ոլորտում աշխատուժի ստեղծումն ու մասնագետներին աշխատանքով ապահովելն է: Պետական ֆինանասավորմամբ նախատեսվում է մասնագիտական դասընթացների կազմակերպում, գրասենյակների կահավորում, աշխատանքային պայմանների ստեղծում: Համապատասխան ընկերությունների հետ պայմանգրերով էլ մասնագիտացում ստացածները աշխատանքով կապահովվեն:
Մինչև հիմա կառավարությունը ֆինանսավորում էր կրթական գործընթացը, առաջարկվող ծրագրով նաև աշխատանքի հարցն է լուծվում: Ծրագրի համար պետական բյուջեով նախատեսված 50 մլն. դրամը պլանավորում են վերադարձնել հարկերի տեսքով:
Պատգամավորները հարցադրումներ են ուղղել ծրագրի արդյունավետության, ծախսված գումարների վերադարձման ժամկետների ու մեխանիզմների, ռազմարադյունաբերության ոլորտում հնարավոր ներդրումների վերաբերյալ:
Քննարկվել են նաև Արցախում ՏՏ ոլորտի զարգացման երկարաժամկետ պլանավորման հետ կապված հարցեր:
Կարծիքներ