«Հեզբոլլահ»-ը դիզելային վառելիքով լցանավ է ուղարկում Լիբանան
«Հեզբոլլահ» խմբավորումը դիզելային վառելիքով լցանավ կուղարկի Լիբանան՝ երկրում խորացող ճգնաժամի ֆոնին աջակցություն ցուցաբերելու նպատակով: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով «Aljazeera»-ն, այս մասին հայտնել է շիական «Հեզբոլլահ» խմբավորման առաջնորդ Հասան Նասրալլահը:
Նրա խոսքով ՝ վառելիքը կուղարկվի օգոստոսի 19-ին: Նասրալլահը նշել է, որ մեկ խմբաքանակով չեն սահմանափակվի` իրանական իշխանությունները պատրաստ են ավելի մեծ աջակցություն ցուցաբերել Լիբանանին:
«Աստված տա, որ այդ նավը եւ այլ նավերը անվտանգ տեղ հասնեն»,-հայտարարել է «Հեզբոլլահի» առաջնորդ Հասան Նասրալլահն իր հեռուստատեսային ուղերձում:
Նասրալլահը նշել է, որ լցանավում, որն արդեն պատրաստ է Իրանից մեկնել, դիզելային վառելիք է` այն ներկայումս առաջնահերթություն է լիբանանցիների համար: Ընդ որում, նա Իսրայելին եւ ԱՄՆ-ին նախազգուշացրել է նավի նկատմամբ հնարավոր սադրանքներից զերծ մնալ ՝ նշելով, որ այն պահից, երբ լցանավը լքի իրանական նավահանգիստը, այն կհամարվի «լիբանանյան տարածք»:
Կարծիքներ