Իրենց տները լքելը Ղարաբաղի հայերի համար եղել է միակ տարբերակը. Միյատովիչը ցնցվել է՝ տեսնելով դատարկ Ստեփանակերտը
Հայաստան զանգվածային տեղափոխությունը Ղարաբաղի հայերի համար եղել է միակ ելքը։
Նման հայտարարությամբ է հանդես եկել Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների հանձնակատար Դունյա Միյատովիչը Հայաստան և Ադրբեջան կատարած այցի արդյունքներով, հայտնում է կազմակերպության մամուլի ծառայությունը։
Նրա դիտարկմամբ, Հայաստանի և Ադրբեջանի միջև ձգձգված հակամարտության վերջին գլուխը կրկին բերեց մարդու իրավունքների խախտումների Ղարաբաղյան տարածաշրջանում և դրա շուրջ։
«Մարդու իրավունքների լիակատար հարգանքը և համապատասխան միջազգային չափանիշների խստիվ պահպանումը այժմ պետք է դառնան երկու երկրների միջև հաշտության և կայուն խաղաղության հասնելու հիմք»,- հայտարարել է Միյատովիչը։
Նա հիշեցրել է, որ հայերի զանգվածային ելքին նախորդել է իննամսյա շրջափակումը, նրանք զրկված են եղել հիմնական ապրանքների հասանելիությունից, ծառայություններից և էներգակիրներից:
«Նրանք հայտնվել էին լքված վիճակում՝ առանց անվտանգության կամ պաշտպանության հուսալի երաշխիքների որևէ կողմից: Նրանց համար տուն կորցնելը և տունը լքելը եղել է միակ հնարավոր տարբերակը»,- ընդգծել է հանձնակատարը։
Նա նշել է, որ այցելել է Ղարաբաղի տարբեր բնակավայրեր և ծանոթացել պատերազմից ու տեղահանությունից հետո ստեղծված իրավիճակին։
Հանձնակատարը ողջունել է Հայաստանի իշխանությունների ջանքերը՝ օգնություն տրամադրելու բոլոր կարիքավորներին՝ ՄԱԿ-ի փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի գրասենյակի, ՄԱԿ-ի այլ գործակալությունների և քաղաքացիական հասարակության աջակցությամբ:
Նա Եվրոպայի խորհրդի անդամ երկրներին կոչ է արել լիակատար աջակցություն տրամադրել միջնաժամկետ և երկարաժամկետ հեռանկարում Հայաստան տեղափոխված մարդկանց անհրաժեշտ օգնություն ցուցաբերելու հարցում։ Այս առումով, ըստ պաշտոնյայի, առանձնահատուկ ուշադրություն պետք է դարձնել խոցելի խմբերի կարիքներին:
Հանձնակատարն ընդգծել է, որ Ադրբեջանը պետք է երաշխավորի էթնիկ հայերի իրավունքները, որոնք մնացել են տարածաշրջանում, և նրանց, որոնք մեկնել են Հայաստան՝ ներառյալ իրենց տները վերադառնալու իրավունքը՝ ապահովելով անվտանգություն և արժանապատվություն այս հարցում:
Նշվում է, որ տասը տարվա մեջ առաջին անգամ է իրավապաշտպան առաքելությունը կարողացել այցելել ԼՂ տարածաշրջան:
«Միյատովիչը ցնցված էր՝ տեսնելով, որ Ստեփանակերտ քաղաքը գրեթե ամբողջությամբ դատարկվել է սեպտեմբերին բնակչության հեռանալուց հետո»,- ասվում է հաղորդագրության մեջ։
Կարծիքներ