Հոկտեմբերի 27-ով հիմք դրվեց երկրում ուժով հարց լուծելու երևույթին, ինչը թուլացրեց պետության հիմքերը. Ավինյան
Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը հոկտեմբերի 27-ի ոճրագործության 24-րդ տարելիցի կապակցությամբ գրառում է արել:
Այն ներկայացնում ենք ստորև:
«Այդ ահաբեկչությունը ոչ միայն հարձակում էր Ազգային ժողովի նախագահ Կարեն Դեմիրճյանի, վարչապետ Վազգեն Սարգսյանի, պետական այլ պաշտոնյանների, այլ նախևառաջ պետության, պետականության, ինքնիշխանության, ժողովրդի կողմից ընտրված իշխանության դեմ:
Այն պետությանը հասցված այնպիսի հարված էր, որի հետևանքները կրում ենք մինչ օրս: Հոկտեմբերի 27-ով հիմք դրվեց երկրում բռնի, հակասահմանադրական, ուժային մեթոդներով հարցեր լուծելու արատավոր երևույթին, ինչը էապես թուլացրեց պետության հիմքերը և կանգնեցրեց Հայաստանի զարգացման ընթացքը:
24 տարի շարունակ բոլորս հիշում ենք հանրապետության ամենածանր օրերից մեկը և որպեսզի հետագայում բացառենք նման գործողությունների կրկնությունը, մեր ամենօրյա աշխատանքով, սիրով և համերաշխությամբ, առողջ միջավայր ստեղծելով պիտի ամրացնենք, զարգացնենք մեր պետությունը»։
Կարծիքներ