Շոտլանդիայի նորընտիր ղեկավարը հայտնել է առաջիկա 5 տարում անկախանալու հնարավորության մասին
Շոտլանդիայի նորընտիր առաջին նախարար Ջոն Սուինին այն կարծիքին է, որ տարածաշրջանը կարող է անկախության հասնել և Մեծ Բրիտանիայի կազմից դուրս գալ հինգ տարվա ընթացքում: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին նա հայտնել է Sky News-ին։
Մայիսի 7-ին Սուինին Շոտլանդիայի առաջին նախարար է ընտրվել տեղի խորհրդարանում քվեարկության արդյունքներով։ Մինչ այդ նա գլխավորում էր տարածաշրջանում իշխող Շոտլանդիայի ազգային կուսակցությունը (SNP), որը հանդես է գալիս Բրիտանիայից անկախանալու օգտին։
«Կարծում եմ, որ անկախության կարելի է հասնել այդ ժամկետներում, քանի որ դրա օգտին փաստարկները համոզիչ են», - ասել է Սուինին Sky News հեռուստաալիքին` պատասխանելով հինգ տարվա ընթացքում Միացյալ Թագավորությունից Շոտլանդիայի անջատման հնարավորության մասին հարցին։
Քաղաքական գործչի խոսքով՝ Շոտլանդիայի երկու խոշորագույն խնդիրները՝ կենսամակարդակի աճի ճգնաժամը և Brexit-ի բացասական ազդեցությունը, բրիտանական կառավարության կողմից ընդունված «վատ որոշումների» արդյունք են: Նա հավելել է, որ դրանք «լուրջ տնտեսական և սոցիալական վնաս» են հասցնում տարածաշրջանին, և Բրիտանիայից անկախանալը կդառնա «պատասխանը» այս խնդիրների լուծման համար։
Ավելի վաղ Մեծ Բրիտանիայի վարչապետ Ռիշի Սունակը բացառել էր մոտ ապագայում Շոտլանդիայի անջատման շուրջ քվեարկություն անցկացնելու հնարավորությունը և կոչ էր արել հարգել 2014 թ. հանրաքվեի արդյունքները։ Այն ժամանակ անջատմանը դեմ էր քվեարկել շոտլանդացիների 55 %-ը, կողմ` 45 %-ը։
Կարծիքներ