Գաբրիել Գարսիա Մարկեսի ծննդյան օրը Երևանում կնշանավորվի ինքնատիպ միջոցառմամբ
20-րդ դարի ամենաազդեցիկ կոլումբիացի վիպագիր, սցենարիստ և լրագրող Գաբրիել Գարսիա Մարկեսի ծննդյան օրը նրա գրականության երկրպագուները կտոնեն «Մարկեսյան ընթրիք» խորագրով հետաքրքիր միջոցառմամբ:
Մեծանուն գրողին նվիրված երեկոն տեղի կունենա մարտի 6-ին «Լոֆթ» ինքնազարգացման կենտրոնում:
Այն նախաձեռնել են «Լոֆթ»-ը և «Անտարես» հրատարակչությունը: Մարկեսյան ընթրիքին ելույթներ կունենան գրականագետ, «Անտարես»-ի գլխավոր խմբագիր Արքմենիկ Նիկողոսյանը, թարգմանիչ, կինոգետ, մարկեսյան գրքերի խմբագիր Զավեն Բոյաջյանը, թարգմանիչներ Ռուզաննա Պետրոսյանը և Կառա Չոբանյանը:
Նրանք կպատմեն Գաբրիել Գարսիա Մարկեսի՝ նոր թարգմանությունների և հրատարակությունների մասին: Կանցկացվի Մարկեսի «Հարյուր տարվա մենություն», «Նահապետի աշունը», «Հուշագրություն իմ տխուր պոռնիկների մասին», «Գնդապետին գրող չկա», «Երեքշաբթի օրվա սիեստան», «Հայտարարված սպանության քրոնիկոն», «Սերը խոլերայի ժամանակ» գրքերի հայերեն թարգմանությունների շնորհանդեսը:
Երեկոյին մասնակիցները կբացահայտեն մարկեսյան կոլումբիական աշխարհը: Սպասվում են նաև այլ հետաքրքիր անակնկալներ: 2014 թվականի ապրիլին՝ Գարսիա Մարկեսի մահից հետո, Կոլումբիայի նախագահ Խուան Մանուել Սանտոսը նրան անվանել է «երբևէ ապրած ամենանշանավոր կոլումբիացին»։
Կարծիքներ