«Սրիկաները պետք է իմանան, որ մենք միշտ ինքնիշխան ու անկախ ենք լինելու». Լուկաշենկոն ժողովրդին կոչ է արել չխաբվել ու չկորցնել երկիրը
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն Գոմել կատարած այցի ընթացքում ընդգծել է այս փուլում երկրի անկախության և ինքնիշխանության պահպանման կարևորությունը:
Ինչպես նշում է belta.by-ը, Գոմելի կենտրոնական քաղաքային պոլիկլինիկայի հանդիսավոր բացման արարողության ժամանակ նա ասել է, որ այժմ շատ վտանգավոր պահ է, և որ իրենք չեն կարող կորցնել այն ամենը, ինչ ստեղծել են:
«Չի՛ կարելի: Դա ամենակարևորն է: Մենք պետք է պահպանենք այս մի կտոր հողն ու այն ոչ մեկի չտանք: Չկա վախ, չկա որևէ աղետ, սակայն սրիկաները պետք է իմանան, որ մենք միշտ ինքնիշխան ու անկախ ենք լինելու ու այս հողի վրա ապրելու ենք մեր զավակների հետ»,-ասել է Լուկաշենկոն:
Դիմելով քաղաքացիներին՝ երկրի ղեկավարը խորհուրդ է տվել չհավատալ նրանց, ովքեր խոստանում են արագ բարեփոխումներ իրականացնել ու կարճ ժամկետում առանց ջանք թափելու հարստացնել:
«Երբ ձեզ կպատմեն ինչ-որ բարեփոխումների և այն մասին, որ հիմա ուղղաթիռներով գումարներ են բերելու ու շաղ տալու, խնդրում եմ՝ չխաբվեք»,-ասել է նախագահը:
Նա հիշեցրել է՝ ինչպես են տասնամյակներ շարունակ քայլ առ քայլ վերականգնել Գոմելի շրջանը՝ պայքարելով Չեռնոբիլում տեղի ունեցած միջուկային վթարի հետևանքների դեմ:
«Այն ժամանակ ոչ ոք ոչինչ չէր խոստանում: Ոչ ոք այստեղ չէր գալիս ու այդ հեքիաթները չէր պատմում: Չխաբվեք, չկորցնեք ձեր երկիրը»,-կոչ է արել Լուկաշենկոն:
Հիշեցնենք, որ օգոստոսի 9-ին Բելառուսում կայանալու են նախագահական ընտրություններ. ԽՍՀՄ փլուզումից հետո անկախ Բելառուսի առայժմ միակ նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն կրկին հավակնում է երկրի ղեկավարի պաշտոնին:
Կարծիքներ