Պարզվել է Հաղթանակ թաղամասում հրազենով խուլիգանություն և բռնություններ կատարած անձանց ինքնությունը. խափանման միջոց է ընտրվել կալանքը
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի քննչական բաժնում իրականացված հետևողական քննչական, վարութային գործողությունների, ինչպես նաև ոստիկանության կողմից կատարված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել են 2023 թվականի նոյեմբերի 9-ին Երևանի Հաղթանակ թաղամասի 11-րդ փողոցում զենքի գործադրմամբ մի խումբ անձանց կողմից կատարված խուլիգանության, բռնությունների դեպքի էական մի շարք հանգամանքներ։
Աղբյուրի տեղեկատվությամբ՝ մասնավորապես, քննությամբ փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ Երևան քաղաքի Հաղթանակ թաղամասի բնակիչ Ա.Խ.-ին հանդիպելու և որոշ հարցերի շուրջ պարզաբանումներ կատարելու նպատակով, 2023 թվականի նոյեմբերի 9-ին՝ ժամը 17:25-ի սահմաններում, քննությամբ ինքնությունները պարզված 8 անձինք, ինքնությունները դեռևս չպարզված մի քանի այլ անձանց հետ, «Mersedec Benc» և «BMW» մակնիշի ավտոմեքենաներով այցելել են Երևան քաղաքի Հաղթանակ թաղամասի 11-րդ փողոց, որտեղ կայանելով ավտոմեքենաները, շրջապատի համար վախի մթնոլորտ ստեղծելու խուլիգանական մղումով, մոտեցել են Ա․Խ-ի հայրական տանը: Նրանց հետ եկած, ինքնությունը դեռևս չպարզված անձանցից մեկը, գործող իրավական և բարոյական նորմերի նկատմամբ ցուցաբերելով անթաքույց արհամարհական վերաբերմունք, իրենց հանդուգն վարքագիծն ընդգծելու, վիճաբանություն հրահրելու խուլիգանական մղումն ի ցույց դնելու նպատակով, տանը մոտեցել է ապօրինի ձեռք բերված ինքնաձիգը ցուցադրաբար ուսին գցված: Հասնելով նշված տան դիմաց՝ տարբեր վանկարկումներով իրենց վրա են սևեռել տան բնակչուհու՝ Ա․Խ-ի մոր ուշադրությունը, ապա վերջինիցս տեղեկանալով Ա․Խ․-ի՝ տանից բացակայելու մասին՝ վերադարձել են դեպի կայանված ավտոմեքենաները:
Քիչ անց նկատելով, որ նշված տանից դուրս է եկել Ա․Խ․-ի եղբայրը՝ Ար․Խ․-ն, նշված անձինք ավտոմեքենաներով մոտեցել են տան բակին, զրույցի բռնվել Ար․Խ․-ի հետ։ Ապա, կարճ ժամանակ անց, համակեցության կանոնները ցուցադրաբար անտեսելով, հայհոյանքներ հնչեցնելով, խմբի կազմում, միմյանց գործողությունները փոխլրացնելով, դիտավորությամբ ոտքերով և ձեռքերով բազմաթիվ հարվածներ են հասցրել Ար.Խ․-ի, այդ ընթացքում մոտեցած վերջինիս հոր և մյուս եղբոր, ինչպես նաև՝ Հաղթանակ թաղամասի մեկ այլ բնակչի մարմնի տարբեր հատվածներին՝ անտեսելով տեղի ունեցողը դադարեցնելու վերաբերյալ հոր պահանջը։
Ծեծի ենթարկելու ընթացքում, անտեսելով իրենց կողմից բնակելի թաղամասում գտնվելու հանգամանքը և շրջապատում կողմնակի մի շարք քաղաքացիների առկայությունը, ժամանած խմբի անդամներից մեկը «Mersedec Benc» մակնիշի ավտոմեքենայից վերցրել է ապօրինի ձեռք բերված և պահվող ինքնաձիգը և համակեցության կանոնները ցուցադրաբար անտեսելով, շրջապատում բնակվող անձանց անդորրը խախտելով՝ արձակել է առնվազն 11 կրակոց։ Դրանից հետո խմբի անդամները, նստելով ավտոմեքենաները, դիմել են փախուստի:
Նշված հանցավոր արարքները կատարելու համար խմբի՝ ինքնությունները պարզված 8 անձանց նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում, որոնցից 6-ին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 195-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետով, 297-րդ հոդվածի 3-րդ մասով, իսկ 2-ին, վերոնշյալներից բացի, նաև՝ ՀՀ քրեական օրենսգրքի 335-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով։
Ոստիկանությանը տրվել է նշված անձանց հայտնաբերելու և վարույթն իրականացնող մարմնին ներկայացնելու, ինչպես նաև՝ խմբի մյուս անդամների ինքնությունը պարզելու վերաբերյալ հանձնարարություն։
Միջնորդություններ են ներկայացվել դատարան՝ նշված 8 անձանց նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց ընտրելու վերաբերյալ, որոնք բավարարվել են։
Նախաքննությունը շարունակվում է։ Ձեռնարկվում են անհրաժեշտ միջոցներ՝ դեպքի բոլոր հանգամանքները, ապօրինի ձեռք բերված և կիրառված ինքնաձիգի ձեռք բերման աղբյուրը պարզելու ուղղությամբ:
Կարծիքներ