Ծանր կամ առանձնապես ծանր հանցագործություններ կատարած 184 անձ գործուն զղջալու հիմքով ազատվել է քրեական պատասխանատվությունից
Գործուն զղջալու հիմքով ծանր կամ առանձնապես ծանր հանցագործություն կատարած 184 անձ ազատվել է քրեական պատասխանատվությունից։
«Արմենպրես»-ի հարցին ի պատասխան, այս մասին հայտնեցին ՀՀ գլխավոր դատախազությունից՝ պատասխանելով հարցին, թե գործուն զղջալու հիմքով ծանր և առանձնապես ծանր հանցագործություն կատարած քանի՞ անձ է ազատվել քրեական պատասխանատվությունից՝ համապատասխան օրենքի ընդունումից ի վեր։
«Հայտնում ենք, որ ծանր և/կամ առանձնապես ծանր հանցագործությունների կատարման համար քրեական պատասխանատվությունից գործուն զղջալու հիմքով ազատվել է 184- անձ, որից 1-ը ՀՀ քրեական օրենսգրքի 10-րդ բաժնում (Սեփականության, տնտեսության և տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունները) և 14-րդ բաժնում (Պետական իշխանության դեմ ուղղված հանցագործությունները), 1-ը՝ 14-րդ բաժնում, 182-ը՝ 15-րդ բաժնում (Զինվորական ծառայության սահմանված կարգի դեմ ուղղված հանցագործությունները) ընդգրկված հանցանքների կատարման համար: Քրեական վարույթներով այլ տեղեկություններ տրամադրվել չեն կարող, քանի որ դրանք պարունակում են քրեական վարույթների հրապարակման ոչ ենթակա տվյալներ»,- նշեցին գլխավոր դատախազությունից։
Հայաստանում գործուն զղջալու ինստիտուտը բացառիկ դեպքերում կիրառելի է դարձել նաև ծանր և առանձնապես ծանր հանցագործությունների մասով: Գործուն զղջալու հիմքով ծանր կամ առանձնապես ծանր հանցագործություն կատարած անձանց քրեական պատասխանատվությունից ազատվելու հնարավորություն տվող օրենքն ուժի մեջ է մտել 2023 թվականի օգոստոսի 4-ից։
Ազգային ժողովում նախագիծը ներկայացնելու ժամանակ Արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանը նշել էր, որ Քրեական օրենսգրքի 81-րդ հոդվածը, որով նախատեսված են գործուն զղջալու հիմքով քրեական պատասխանատվությունից ազատելու իրավակարգավորումը, սահմանում է, որ, եթե անձն առաջին անգամ է հանցանք կատարել, ապա կարող է ազատվել քրեական պատասխանատվությունից, եթե նրա կատարած արարքը ոչ մեծ կամ միջին ծանրության արարք է, և նա համագործակցում է քրեական հետապնդման մարմինների հետ, չի վիճարկում իրեն մեղսագրվող արարքը, վնաս պատճառած լինելու դեպքում հատուցել կամ այլ կերպ հարթել է հանցագործությամբ պատճառված վնասը:
«Նախաքննական մարմինների առկա ծանրաբեռնվածության պայմաններում խիստ կարևոր է նման իրավակարգավորումը, որը էապես նվազեցնում է ինչպես նախաքննական մարմինների, այնպես էլ դատարանների ծանրաբեռնվածությունը: Նման պայմաններում հարց է առաջանում՝ իսկ ինչո՞ւ նույն իրավակարգավորումները բացառիկ դեպքերում կիրառելի չեն ծանր կամ առանձնապես ծանր հանցանքների դեպքում: Դրանով իսկ պայմանավորված՝ նախագծով առաջարկում ենք գործուն զղջալու դեպքում չնախատեսել նման սահմանափակում»- ասել էր Մինասյանը։
Օրենքով սահմանված են հանգամանքները, որոնց պարագայում անձը չի կարող գործուն զղջալու հիմքով ազատվել պատասխանատվությունից: Դրանք են մասնավորապես խաղաղության և մարդկության անվտանգության դեմ ուղղված հանցագործությունները, մարդու թրաֆիքինգը կամ շահագործումը, ֆիզիկական ուժեղ ցավ կամ հոգեկան ուժեղ տառապանք պատճառելը, որը կատարվել է ծանրացնող հանգամանքներում, ահաբեկչությունը, պաշտոնատար անձի կողմից իշխանական կամ ծառայողական լիազորությունները կամ դրանցով պայմանավորված ազդեցությունը չարաշահելը և այլն, ինչպես նաև այն հանցագործությունները, որոնց համար նախատեսված է ցմահ ազատազրկում:
Կարծիքներ