Շիրակի մարզից համավարակի պատճառով որքա՞ն մարդ չի կարողացել մեկնել արտագնա աշխատանքի
Համավարակի հետևանքով արտագնա աշխատանքի մեկնելու հնարավությունից զրկված մեր հայրենակիցներին ՀՀ կառավարությունը առաջարկել էր իրենց ընդգրկվել տեղի շինարարական աշխատանքներում։ Այս նպատակով ՀՀ բոլոր մարզպետարաններին հրահանգվել էր հաշվառել առկա աշխատուժը, թե որքան մարդ չի կարողացել մեկնել արտագնա աշխատանքի:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը նաև հայտարարել էր, որ մարզերին խոստացել են 100 նոր նախագիծ ներկայացնել կապիտալ շինարարության ոլորտում: Նախատեսվում էր, որ կկառուցվեն կամ կհիմնանորոգվեն այդքան կրթական-մշակութային ու առողջապահական հաստատություններ:
Վարչապետը հույս էր հայտնել, որ այդ գործընթացը կիրականացվի անհրաժեշտ էֆեկտիվությամբ, և արտագնա աշխատանքի մեկնող մեր հայրենակիցները տեղում աշխատելու հնարավորություն կունենան:
Freenews-ը Շիրակի մարզպետարանի հասարակայնության հետ կապերի և լրատվության բաժնից հետաքրքրվեց, թե հաշվառե՞լ են արդյոք արտագնա աշխատանքի մեկնել չկարողացող անձանց, և քանի՞սն են նրանք, մեր մարզի կտրվածքով: Շիրակի մարզպետարանի համապատասխան բաժնից տեղեկացրեցին, որ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության հանձնարարականով Շիրակի մարզպետարանում աշխատանքներ են իրականացվել COVID-19 համավարակի պատճառով արտագնա աշխատանքի չմեկնած աշխատուժի բացահայտման ուղղությամբ: Կազմվել է տվյալների բազա, ստեղծվել օնլայն հարթակ, որտեղ գրանցվելու հնարավորություն են ունեցել մարզում ապրող շինարարները։
Շինարարական աշխատանքներ կատարելու հմտություն, փորձառություն ունեցող և մեկնել չկարողացող շուրջ 2 հազար 700 քաղաքացի է գրանցվել հարթակում։ Հավաքված տվյալները մարզպետարանի պատասխանատուներն ամբողջացրել ու ներկայացրել են տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարություն, ինչպես նաև 11 տարբեր շինարարական ընկերությունների։
Շիրակի մարզում ներկայացված և հավանության արժանացած 63 սուբվենցիոն ծրագրերից 53-ը շինարարական է: «Տնտեսական և սոցիալական ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված սուբվենցիոն ծրագրերի իրականացման շնորհիվ մարզում ստեղծվելու է 580-780 ժամանակավոր եւ մինչեւ 130 հիմնական աշխատատեղ»,- նկատում են Շիրակի մարզպետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից։ Կառույցից նաև հայտնում են, որ հանդիպում է կազմակերպվել շինարարական կազմակերպությունների պատասխանատուների հետ, քննարկվել են առաջիկա կառուցապատման աշխատանքներում գրանցված մասնագետներին ներգրավելուն վերաբերող հարցեր։
Կարծիքներ