Հատկացվել են լրացուցիչ միջոցներ` կրթական ենթակառուցվածքների բարելավման համար
ՀՀ կառավարության որոշմամբ ԿԳՄՍ նախարարությանը 2023 թվականի պետական բյուջեով կապիտալ ծրագրերին հատկացված միջոցների միջև կատարվել է վերաբաշխում 95 մլն 276 հազար դրամ գումարի շրջանակում, ինչպես նաև նախարարության բյուջեն ավելացվել է 16 մլն 145 հազար դրամով։
Վերաբաշխումը կատարվել է ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության աջակցությամբ իրականացվող «Ներառական կրթության համակարգի ներդրում» դրամաշնորհային ծրագրի շրջանակում կատարված շինարարական աշխատանքների դիմաց վճարումների կատարման և ծրագրում ընդգրկված ուսումնական հաստատությունների՝ համապատասխան գույքով ապահովման նպատակով: Գումար կհատկացվի նաև Վանաձորի գյուղատնտեսական քոլեջի շենքի վերակառուցման ավարտական աշխատանքների, ինչպես նաև կապիտալ ծրագրերի շրջանակում այլ օբյեկտների մասով ընդունված կատարողական ակտերի դիմաց վճարումների կատարման նպատակով:
2016 թ.-ից ՀՀ ԿԳՄՍ նախարարությունն իրականացնում է «Ներառական կրթության համակարգի ներդրում» դրամաշնորհային ծրագիրը` ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության աջակցությամբ: Ծրագրի շրջանակում 2019-2020 թթ.-ին իրականացվել են ՀՀ Սյունիքի մարզում ընտրված 9 դպրոցի և 1 տարածքային մանկավարժահոգեբանական կենտրոնի շենքային պայմանների` ներառական կրթությանը հարմարեցման աշխատանքներ: 2022 թ.-ին նշյալ աշխատանքներ իրականացվել են ՀՀ Լոռու մարզի 14 դպրոցի և 1 ՏՄԱԿ-իր, ինչպես նաև ՀՀ Շիրակի մարզի 4 դպրոցի և 1 ՏՄԱԿ-ի համար: ՀՀ Լոռու մարզի 8 դպրոցում և Շիրակի մարզի դպրոցներում աշխատանքներն ավարտվել են 2023 թ.-ին: Միաժամանակ, ԱՄՆ ՄԶԳ ծրագրի շրջանակում նորոգված (շենքային պայմանները` ներառական կրթությանը հարմարեցված) դպրոցներն ապահովվել են համապատասխան գույքով (սեղաններ և գրապահարաններ): Կարևորելով նորոգված հաստատությունների համար անհրաժեշտ գույքով ապահովումը՝ Սյունիքի, Լոռու և Շիրակի մարզերի հաստատությունների համար դեռևս չգնված գույքը (աթոռներ) ձեռք կբերվի ՀՀ 2023թ.-ի պետական բյուջեի հաշվին:
Որոշմամբ գումար է հատկացվել նաև Վանաձորի գյուղատնտեսական քոլեջի շենքի վերակառուցման աշխատանքներն ավարտի հասցնելու համար: Քոլեջի վերակառուցումը մեկնարկել է 2017թ.-ին և ներկայում ավարտական փուլում է: Քոլեջի վերակառուցման աշխատանքների ամբողջական արժեքը կազմում է 1 մլրդ 361 մլն 781 հազար դրամ: Հարկ է նշել, որ քոլեջի՝ ամբողջությամբ նոր գույքով և լաբորատոր սարքավորումներով ապահովելու համար վերջինիս գումար է հատկացվել ՀՀ կառավարության 2022 թվականի դեկտեմբերի 22-ի N 2043-Ն որոշմամբ: Գույքի և սարքավորումների գնման գործընթացը և մատակարարումը նախատեսված են այս տարի:
Որոշմամբ գումար է հատկացվել նաև Ռյա Թազայի միջնակարգ դպրոցի ջեռուցման աշխատանքների ամբողջացման համար՝ 942.1 հազար դրամի շրջանակում:
Որոշմամբ կատարվել են նաև այլ հատկացումներ, մասնավորապես՝ Երևանի օլիմպիական հերթափոխի պետական մարզական քոլեջի մարզադահլիճների վերակառուցման կապալային աշխատանքների համար՝ 5,315.9 հազար դրամ, Լեռնահովիտի հիմնական դպրոցի և Ջիլի միջնակարգ դպրոցի մոդուլային տիպի շենքերի կառուցման հեղինակային հսկողության ծառայությունների համար՝ 1,050.8 հազար դրամ, Հագվու հիմնական դպրոցի և Մեդովկայի միջնակարգ դպրոցի մոդուլային տիպի շենքերի կառուցման տեխնիկական հսկողության ծառայությունների համար՝ 11,528.5 հազար դրամ, Գագարինի միջնակարգ դպրոցի մարզադահլիճի կառուցման տեխնիկական հսկողության ծառայությունների համար՝ 1,080.0 հազար դրամ, Վանաձորի թիվ 9 հիմնական դպրոցի մարզադահլիճի կառուցման տեխնիկական հսկողության ծառայությունների համար՝ 850.2 հազար դրամ:
Կարծիքներ