ԵՄ դիտորդները ծանոթացել են Խոզնավարի ուղղությամբ Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումների արձակած կրակոցների հետևանքներին

ԵՄ դիտորդները ծանոթացել են Խոզնավարի ուղղությամբ Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումների արձակած կրակոցների հետևանքներին

Հայաստանում Եվրոպական միության դիտորդական առաքելությունը պարեկություն է իրականացրել Սյունիքի մարզի Խոզնավար, Խնածախ և Արավուս գյուղերում և հաստատել, որ Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումների կողմից արձակված կրակոցների հետևանքով Խոզնավար գյուղում վնասվել է բնակելի տներից մեկի տանիքին տեղադրված արևային ջրատաքացուցիչը:  

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելությունը նշել է X-ի միկրոբլոգում կատարած գրառման մեջ՝ կից հրապարակելով նաև կադրեր իրականացված պարեկությունից։  

«Զատկի հանգստյան օրերին Հայաստանում Եվրոպական միության դիտորդական առաքելությունը 27 պարեկություն է իրականացրել իր գործողության տարածքում՝ ներառյալ Խոզնավար, Խնածախ և Արավուս գյուղերը։ Խոզնավարում ԵՄ դիտորդական առաքելությունը նկատել է երկու կրակոցների հետևանքները, որոնք հնարավոր է՝ արձակվել են տեղանքում առկա ադրբեջանական դիրքերից՝ վնասելով քաղաքացիական ենթակառուցվածքը։

Հայաստանի պաշտպանության նախարարությունը ապրիլի 21-ին հաղորդագրություն էր տարածել, որ Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումներն ապրիլի 20-ին, ժամը 02:30-ի սահմաններում կրակ են բացել Սյունիքի մարզի Խոզնավար բնակավայրի ուղղությամբ, ինչի  հետևանքով վնասվել է գյուղի բնակելի տներից մեկի տանիքում տեղադրված արևային ջրատաքացուցիչը: ՀՀ ՊՆ-ն ադրբեջանական կողմին կոչ էր արել հետաքննել Խոզնավարի բնակելի տան գնդակոծման փաստը և հանդես գալ հրապարակային պարզաբանումներով։ 

 

Հետևեք մեզ նաև Տելեգրամում