Փաշինյանը տրամաբանական է համարում Թուրքիայի հետ դիվանագիտական հարաբերությունների հաստատմանը հասնելը

Փաշինյանը տրամաբանական է համարում Թուրքիայի հետ դիվանագիտական հարաբերությունների հաստատմանը հասնելը

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը չի կարող ասել՝ այս տարի Հայաստանի և Թուրքիայի միջև դիվանագիտական հարաբերություններ կհաստատվե՞ն, թե՞ ոչ, սակայն շատ տրամաբանական է համարում, որ կողմերը հասնեն այդ արդյունքին: Փաշինյանն այս մասին ասաց ԶԼՄ-ների և հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների համար կազմակերպված առցանց ասուլիսի շրջանակում՝ անդրադառնալով հարցին, թե ինչպե՞ս կմեկնաբանի առաջին «ռաունդի», այսինքն` Հայաստանի և Թուրքիայի հատուկ ներկայացուցիչների առաջին հանդիպման արդյունքները:

Փաշինյանը նշեց՝ առաջին «ռաունդը», ըստ էության, բացման փուլ է, որտեղ ընդամենը տեղի է ունենում ծանոթություն, տեխնիկական հարցերի շուրջ քննարկում, իհարկե, նաև մթնոլորտ է ձևավորվում: «Եվ այն, որ ըստ էության կողմերն արձանագրեցին, որ համաձայնվել են առանց նախապայմանների քննարկման, դա արդեն շատ էականորեն լիցքաթափում է գործընթացի շուրջ լարվածությունը և բացասական մթնոլորտը: Դա խոսակցություն է, որ պետք է տեղի ունենա»,-ասաց նա:

Հարցին, թե հնարավո՞ր է, որ այս տարի դիվանագիտական հարաբերություններ հաստատվեն՝ Փաշինյանն ասաց, որ ինքը չի կարող կանխատեսել դա այս տարի հնարավոր է, թե չէ, քանի որ դա, ցավոք, միայն Հայաստանից չէ կախված: «Բայց, ասեմ՝ շատ տրամաբանական կլինի, եթե օրինակ մենք հասնենք այդպիսի արդյունքի և մասնավորապես դիվանագիտական հարաբերությունների հաստատման, սահմանների բացման»,-ասաց վարչապետը:

Փաշինյանը նկատել է՝ միջազգային վերլուծություններում կարմիր գծի նման անցնում է այն միտքը, որ, եթե այդ պրոցեսն առանց կոնկրետ արդյունքի շատ երկար ձգվի, կդառնա սովորական մի բան, որի նկատմամբ հետաքրքրությունը կկորցնեն և կողմերը, և միջազգային հանրությունը: «Ես կարծում եմ՝ հիմնական խնդիրները հետևյալն է՝ արդյոք և Հայաստանը և Թուրքիան անկեղծորեն շահագրգռվա՞ծ են առանց նախապայմանների հարաբերությունները կարգավորելու: Ես մեր կողմից կարող եմ ասել, որ միանշանակ այո: Եվ ես հույս ունեմ, որ այդպիսի հնարավորություն կա, և, եթե այդ հնարավորությունը կա, կօգտագործվի: Ես կարող եմ հաստատել մեր կառավարության անկեղծությունն այս հարցում: Ընդ որում, ես կարծում եմ, որ մեր կառավարությունն այս հարցում ամենևին էլ օրիգինալ չէ, որովհետև ՀՀ նախորդ բոլոր իշխանությունները այս դիրքորոշումն են ունեցել և անկեղծ այդ դիրքորոշումն են ունեցել»,-ասաց վարչապետը: 

Հունվարի 14-ին Մոսկվայում տեղի է ունեցել Հայաստան-Թուրքիա կարգավորման գործընթացի հատուկ ներկայացուցիչներ ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանի և դեսպան Սերդար Քըլըչի հանդիպումը:

 

Հետևեք մեզ նաև Տելեգրամում