Հայաստանն ուզում է առանց նախապայմանների հարաբերություններ հաստատել Թուրքիայի հետ. Փաշինյան

Հայաստանն ուզում է առանց նախապայմանների հարաբերություններ հաստատել Թուրքիայի հետ. Փաշինյան

Հայաստանն ուզում է առանց նախապայմանների դիվանագիտական հարաբերություններ հաստատել Թուրքիայի հետ: Այս մասին ԶԼՄ-ների և հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների համար կազմակերպված առցանց ասուլիսի շրջանակում ասաց Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Ուզո՞ւմ ենք Հայաստան-Թուրքիա սահմանի բացում՝ այո, և մենք այդ դիրքորոշման մեջ անկեղծ ենք: Այն ժամանակ (խմբ.-2009 թվականին) չստացվեց, հիմա պետք է փորձենք հաշվի առնել նախորդ փորձը»,- ասաց նա:

Պատասխանելով հարցին, թե որքանով է հնարավոր, որ Թուրքիան հարաբերությունների կարգավորման համար կրկին նախապայմաններ առաջադրի, Փաշինյանն ընդգծեց. «Այո, 2009 թվականի հայ-թուրքական արձանագրություններում չկային նախապայմաններ, բայց հետագայում նախապայմաններ ի հայտ եկան: Մենք չենք կարող երաշխիքներ տալ, որ այդպիսի բան տեղի չի ունենա: Մենք պետք է հասկանանք, թե կողմերը որքանով են շահագրգիռ:  Քաղաքական բանակցությունների հենց առաջին իսկ մեկնարկային կետից գործընթացը թափանցիկ է: Նախկինում երբեք այդպես չի եղել»:

ՀՀ վարչապետը նշեց, որ իրենք հանրությունից գաղտնիք չունեն: «Մեր քաղաքականությունը հրապարակային հայտարարությունների տիրույթում է լինելու: Բայց աշխատանքային ինֆորմացիաներն անընդհատ արտահոսքի ենթարկել ևս գործընթացին որևէ օգուտ չի տա»:

Անդրադառնալով 2009 թվականի գործընթացի տապալմանը՝ Փաշինյանը նկատեց, որ կան պարամետրեր, որոնք այն ժամանակ այլ էին: «Այն ժամանակ Թուրքիայի կողմից բանակցությունները վարում էր նախագահը, իսկ Հայաստանի կողմից՝ Հայաստանի նախագահը: Բայց այն ժամանակ Թուրքիան խորհրդարանական կառավարման երկիր էր: Ճիշտ է, Թուրքիայի նախագահն իշխող քաղաքական թիմի ներկայացուցիչ էր, բայց այնուամենայնիվ, նա չէր երկրի ղեկավարը, վարչապետն էր: Հիմա երկխոսությունը տեղի է ունենում Թուրքիայի նախագահի տված լիազորությամբ և մանդատով: Այսինքն, սա պարամետրերից մեկն է, որը կարող է որոշակի ազդեցություն ունենալ գործընթացի վրա, հույս ունենանք՝ դրական»,- ասաց նա:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում