Եվրոպական խորհրդարանում անցկացվել է հայկական SafeYOU հավելվածին նվիրված համաժողով

Եվրամիությունում Հայաստանի դեսպանության և Եվրախորհրդարանում Լիտվան ներկայացնող պատգամավոր, Եվրախորհրդարանի Կանանց իրավունքների և գենդերային հավասարության հանձնախմբի փոխնախագահ Դայնիուս Ժալիմասի նախաձեռնությամբ ԵԽ-ում տեղի է ունեցել համաժողով, որի նպատակն է բարձրացնել իրազեկվածությունը գենդերային բռնության վերաբերյալ, ամրապնդել կանանց պաշտպանությունը ու հզորացումը, ինչպես նաև խթանել այդ ուղղությամբ թվային լուծումները, ինչին նպաստող արդյունավետ մեխանիզմ է հայկական SafeYOU հավելվածը:
Բրյուսելում «Արմենպրես»-ի թղթակցի փոխանցմամբ՝ միջոցառմանը ներկա էին ԵՄ-ի և ՄԱԿ-ի, հասարակական կազմակերպությունների, ակադեմիական շրջանակների ներկայացուցիչներ, SafeYOU հավելվածի հիմնադիր Մարիամ Թորոսյանը:
Եվրախորհրդարանի պատգամավոր Դայնիուս Ժալիմասը «Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում նշել է, որ իր համար մեծ պատիվ ու պատասխանատվություն է այս միջոցառումը հյուրընկալելը: «Իրականում, չնայած այն փաստին, որ մենք, գուցե, արդեն ունենք անհրաժեշտ իրավական շրջանակ, սակայն միայն օրենսդրությունը բավարար չէ։ Օրենքները չեն կարող գործել առանց իրական և արդյունավետ գործիքակազմի։ Իսկ SafeYOU հավելվածը հենց այդ գործիքներից մեկն է՝ պարզ, մատչելի և չափազանց արդյունավետ։ Հենց այդ պատճառով էլ ես կարևոր համարեցի աջակցել այս միջոցառմանը։ Սա ցույց է տալիս, որ Հայաստանը որոշ առումներով ավելի մեծ առաջընթաց է գրանցել, քան նույնիսկ որոշ ԵՄ անդամ երկրներ։ Եվ հիմնարար իրավունքների և արժեքների պաշտպանության ուղղությամբ գրանցած առաջընթացի համար Հայաստանը իսկապես արժանի է, որպեսզի դիտարկվի որպես Եվրամիությանն անդամակցելու թեկնածու», - նշել է նա:
Բելգիայում Հայաստանի դեսպան Տիգրան Բալայանի խոսքով՝ բոլոր կարևոր նախաձեռնությունները սկիզբ են առնում Եվրոպական խորհրդարանում, պատգամավորների նախաձեռնությամբ ու աջակցությամբ ու այդ համատեքստում շատ կարևոր էր, որ հայկական հավելվածը հենց այս կառույցում ներկայացվի: Հիշեցնելով, որ Հայաստանն առաջին երկրներից է, որ կանանց քվեի իրավունք է տվել՝ դեսպանն ասաց. «Հայաստանը չափերով փոքր է, բայց մեծ է հավակնությունների առումով»:
ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի (UNFPA) ներկայացուցչության տնօրեն
Բիրգիթ Վան Հաութն իր ելույթում նշել է, որ Մարիամ Թորոսյանի նախաձեռնությունն ու ստեղծածը ուժի դրսևորում է, և այս նորարարությունը պետք է ազդեցության վերածել: Վան Հաութը մեծ ոգևորությամբ ընդգծել է, որ SafeYOU հավելվածը ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի կողմից ճանաչվել է որպես հանրային թվային բարիք:
Տեսաուղերձով հանդես է եկել նաև Եվրոպական հանձնաժողովի ընդլայնման հարցերով հանձնակատար Մարթա Կոսը՝ կատարած աշխատանքի համար շնորհակալություն հայտնել Մարիամ Թորոսյանին: Իր ուղերձում հանձնակատարը նշել է, որ գենդերային բռնությունը հակասում է բոլոր արժեքներին, և որ դա աշխարհում ամենատարածված մարդու իրավունքների խախտումներից է։ «Ոչ մի ժողովրդավարություն ամբողջական չէ, եթե հասարակության կեսը ապրում է վախի մեջ։ Դրա դեմ պայքարելը մեր սոցիալական, ժողովրդավարական և անձնական պարտքն է։ Այսօր մենք կենտրոնանում ենք լուծումների վրա, թե ինչպես նոր տեխնոլոգիաները կարող են օգնել բռնությունը կանխելու և վտանգի ենթարկվածներին պաշտպանելու հարցում։ SafeYOU-ն համադրում է մարդու իրավունքներին խորը նվիրվածությունը և նորարարական մոտեցումը։ Իմ՝ Հայաստան կատարած այցի ժամանակ ես անձամբ տեսա այդ նորարարության ոգին ու տպավորիչ առաջընթացը, որոնք ցույց են տալիս, թե որքան ուժեղ է մարդկանց դերը փոփոխություն բերելու գործում», - ասաց հանձնակատար Մարթա Կոսը:
Մարիամ Թորոսյանը հանգամանալից ներկայացրեց հավելվածի և թվային հարթակի գործունեությունը: Հիմնադրի խոսքով՝ հավելվածն արտացոլում է հարցի հրատապությունն ու պատասխանատվությունը, որ յուրաքանչյուրը պետք է ունենա: Մարիամ Թորոսյանը համոզված է՝ տեխնոլոգիաները պետք է ծառայեն մարդկությանը, և այդ հարցում ԵՄ-ն կարող է կարևոր գործընկեր լինել:
«Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում Թորոսյանը նշեց, որ հենց ԵՄ անդամ երկրներում կանանց երեսուն տոկոսից ավելին իրենց նկատմամբ բռնության մասին որևէ մարմնի չեն տեղեկացնում , և սա լուրջ ցուցանիշ ու ազդակ է, որ պետք է գործել:
Հավելվածը 15 լեզվով հասանելի է 6 երկրում, որոնցից երկուսը Եվրամիության անդամ են։ Այն շուտով հասանելի կլինի նաև եվրոպական այլ երկրներում ևս։
Կարծիքներ