Մինսկում կայացել է ԱՊՀ երկրորդ խաղերի բացման արարողությունը

Մինսկում կայացել է ԱՊՀ երկրորդ խաղերի բացման արարողությունը

Բելառուսի մայրաքաղաք Մինսկի կենտրոնական արենայում մեծ շքեղությամբ մեկնարկեցին ԱՊՀ երկրորդ խաղերը:

«Արմենպրես»-ի թղթակցի հաղորդմամբ` բացման պաշտոնական արարողությունը լի էր գունագեղ շոու ծրագրով, Բելառուսի պատմության և տեսարժան վայրերի նկարագրությամբ:

ԱՊՀ խաղերը պաշտոնապես բացեց Բելառուսի Հանրապետության նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն՝ հաջողություն մաղթելով մարզիկներին:

«Բելառուսական հողը հյուրընկալում է ԱՊՀ երկրների երկրորդ խաղերը` այդ կերպ ևս մեկ անգամ իր վրա սևեռելով միլիոնավոր երկրպագուների ուշադրությունն այնպես, ինչպես 4 տարի առաջ, երբ մեր մարզադաշտերում կայացան Եվրոպական երկրորդ խաղերը: Այդ խաղերի ժամանակ վառված կրակը չի մարել` այն վառվում է օլիմպիական գաղափարախոսության հավատով, իսկական արդարության և սպորտային եղբայրության համար»,-ասաց Լուկաշենկոն:

Նրա խոսքով` ԱՊՀ երկրները վստահել են Բելառուսին նմանատիպ խոշորամասշտաբ մրցաշարի անցկացումը, և հյուրընկալ այդ երկիրն արժանապատվորեն այն կանցկացնի:

Մարզիկների շքերթին մասնակցեցին 23 երկրների ներկայացուցիչներ, այդ թվում՝ նաև Հայաստանի հավաքականը: Հայաստանի պատվիրակության դրոշակակիրն ատլետ Ալեն Բաղրումյանն էր:

Բացման արարողությանն, ընդհանուր առմամբ, մասնակցեց մոտ 1200 անձ:

Բելառուսի Հանրապետությունում անցկացվում են ԱՊՀ 2-րդ խաղերը, որին Հայաստանը կմասնակցի մեծաքանակ պատվիրակությամբ: 140-ից ավելի պատանի և երիտասարդ մարզիկներ Հայաստանի մարզական պատիվը կպաշտպանեն բռնցքամարտ, ազատ և հունահռոմեական ոճի ըմբշամարտ, ձյուդո, կարատե, ատլետիկա, լող, ծովափնյա վոլեյբոլ, սամբո, նետաձգություն, հրաձգություն, խոտի հոկեյ, մարմնամարզություն և վոլեյբոլ մարզաձևերում:

ԱՊՀ 2-րդ խաղերը կանցկացվեն Բելառուսի տարբեր շրջանների 11 քաղաքում։ Նոր ձևաչափի նպատակն է ընդլայնել մրցաշարի աշխարհագրությունը և սպորտի մասսայականացումը երկրի տարբեր հատվածներում: Մասնավորապես, մրցումները կանցկացվեն Մինսկ, Բորիսով, Բրեստ, Վիտեբսկ, Գոմել, Գրոդնո, Ժլոբին, Մոգիլյով, Մոլոդեչնո, Օրշա և Սոլիգորսկ քաղաքներում։ 23 երկրի շուրջ 5 հազար մարզիկներ իրենց ուժերը կչափեն ընդհանուր առմամբ 20 մարզաձևում: Խաղերի փակման արարողությունը նախատեսված է օգոստոսի 13-ին:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում