Արցախի մարդու իրավունքների պաշտպանը հանդիպել է ԵԱՀԿ գործող նախագահին

Արցախի մարդու իրավունքների պաշտպանը հանդիպել է ԵԱՀԿ գործող նախագահին

Արցախի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանն ապրիլի 1-ին Երևանում հանդիպում է ունեցել ԵԱՀԿ գործող նախագահ, Լեհաստանի արտաքին գործերի նախարար Զբիգնև Ռաուի հետ։

Արցախի ՄԻՊ-ը «Ֆեյսբուք»-ի իր էջում տեղեկացրել է, որ ներկայացրել է Ադրբեջանի կողմից համակարգված, ուղղորդված և հետևողականորեն իրականացվող էթնիկ զտման քաղաքականությունը, որը նպատակ է հետապնդում հայրենազրկելու Արցախի ժողովրդին, ինչպես նաև բռնազավթված տարածքներում հայկական մշակութային ժառանգության ոչնչացման և վանդալիզմի դրսևորումները, հայ ռազմագերիների և գերեվարված քաղաքացիական անձանց նկատմամբ անօրինական դատավարությունները և միջազգային մարդասիրական իրավունքի և մարդու իրավունքների այլ խախտումները։

«Գեղամ Ստեփանյանն անդրադարձել է Արցախում առկա հումանիտար իրավիճակին և Ադրբեջանի կողմից վարվող հայատյաց քաղաքականության հետևանքով Արցախի ժողովրդի իրավունքների լայնածավալ խախտումներին՝ մատնանշելով վերջին օրերին գազամատակարարման դիտավորյալ խափանման և Ադրբեջանի ռազմական ագրեսիայի պատճառով առաջացած խնդիրները»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Ըստ աղբյուրի՝ Պաշտպանն ափսոսանք է հայտնել մարդու իրավունքների և միջազգային իրավունքի հիմնարար սկզբունքների արձանագրվող խախտումների նկատմամբ ԵԱՀԿ-ի հստակ և հասցեական արձագանքի բացակայության առթիվ՝ շեշտելով, որ ստեղծված իրավիճակում միջազգային հանրությունը պետք է հանդես գա ոչ միայն որպես միջնորդ, այլև որպես Արցախի ժողովրդի իրավունքների պաշտպանության երաշխավոր։

Գեղամ Ստեփանյանը նշել է, որ վերջին զարգացումները վկայում են, որ Արցախում մարդու հիմնարար իրավունքների և ազատությունների արդյունավետ պաշտպանության համար անհրաժեշտ է հակամարտության շուտափույթ և համապարփակ կարգավորում և Արցախի կարգավիճակի հարցի որոշում՝ հիմնված Արցախի ժողովրդի ազատ կամարտահայտության և ինքնորոշման իրավունքի վրա։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում