Շիրակի մարզպետը Կառավարության պատվիրակության կազմում Լիոնում մասնակցում է հայ-ֆրանսիական համագործակցության համաժողովին

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ Շիրակի մարզպետ Նազելի Բաղդասարյանը Կառավարության պատվիրակության կազմում Լիոնում մասնակցում է հայ-ֆրանսիական ապակենտրոնացված համագործակցության չորրորդ համաժողովին։
Այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում տեղեկացրել է Նազելի Բաղդասարյանը:
Գրառման մեջ նաև ասված է.
«Հայաստանի համայնքների միության և Ֆրանսիայի միավորված քաղաքներ ասոցիացիայի (Cités Unies France) համագործակցությամբ կազմակերպված այս միջոցառումն իրականացվում է ՀՀ Արտաքին գործերի նախարարության, ՀՀ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության, Ֆրանսիայի Եվրոպայի եւ արտաքին գործերի նախարարության, Ֆրանսիայում Հայաստանի դեսպանության եւ Հայաստանում Ֆրանսիայի դեսպանության համագործակցությամբ, որը հերթական անգամ համախմբել է ավելի քան 300 մասնակցի:
Հայ-ֆրանսիական ապակենտրոնացված համագործակցության առաջին համաժողովը տեղի է ունեցել 2006 թ. Փարիզում` համախմբելով գրեթե 30 համայնքներ ներկայացնող 200 մասնակցի, ովքեր կենտրոնացան չորս թեմաների վրա` տեղական կառավարում եւ կադրերի պատրաստում, տնտեսական զարգացում, զբոսաշրջություն եւ գյուղական զարգացում: Երկրորդ համաժողովն անցկացվել է 2010 թ. Երևանում, իսկ երրորդը` 2013 թվականին Ֆրանսիայի Վալանս քաղաքում:
Շիրակի մարզի պատվիրակության կազմում ընդգրկված են ներկայացուցիչներ մարզի այն համայնքներից, որոնք քույր քաղաքներ ունեն Ֆրանսիայի հետ։ Հայ-ֆրանսիական փոխգործակցությունը նախորդող տարիներին բազմաբեւեռ ուղղություններով զարգացել և ընդլայնվել է՝ նշանավորվելով կապերի առավել սերտացմամբ, տնտեսական համագործակցության ընդլայնմամբ, մշակութային և կրթական կապերի շարունակական խորացմամբ»։
Կարծիքներ