Ովքե՞ր իրավունք կունենան մասնակցել համապետական ընտրություններին և հանրաքվեներին. նախագիծը քննարկվել է հանձնաժողովում

Ովքե՞ր իրավունք կունենան մասնակցել համապետական ընտրություններին և հանրաքվեներին. նախագիծը քննարկվել է հանձնաժողովում

Նախագծերի փաթեթով առաջարկվում է ընտրություններին և հանրաքվեներին մասնակցելու համար սահմանել քվեարկության կամ հանրաքվեի օրվան նախորդող 48-րդ օրվա դրությամբ, իսկ Ազգային ժողովի արտահերթ ընտրությունների կամ նոր քվեարկության դեպքում՝ 28-րդ օրվա դրությամբ համապատասխանաբար դրան նախորդող 365 օրվա ընթացքում Հայաստանի Հանրապետությունում փաստացի 183 և ավելի օր գտնվելու պահանջ՝ բացառություն սահմանելով այն դեպքերում, երբ բացակայությունը պայմանավորված է եղել ՀՀ հանրային ծառայության մեջ գտնվող անձի ծառայողական նպատակներով արտերկրում գտնվելու կամ արտերկրում բուհում ուսումնառության հանգամանքները: Այս մասին ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի արտահերթ նիստի ընթացքում ասել է Ալխաս Ղազարյանը՝ առաջին ընթերցմամբ հանձնաժողովի անդամներին ներկայացնելով իր, Հասմիկ Հակոբյանի, Արուսյակ Ջուլհակյանի և Արուսյակ Մանավազյանի համահեղինակած ««Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգիրք» սահմանադրական օրենքում լրացումներ կատարելու մասին» և կից ներկայացված օրենքի նախագծերի փաթեթը:

Զեկուցողի խոսքով՝ նախագծերի փաթեթով առաջարկվում է համապետական ընտրություններին և հանրաքվեներին մասնակցելու պարագայում կարևորել քաղաքացիության ուժով պետության հետ անձի կապի ոչ միայն ֆորմալ, այլև՝ բովանդակային կողմը: Պատգամավորը հայտնել է նաև, որ Կառավարության առաջարկներն ընդունվել են օրենքի հեղինակների կողմից. նախագիծը լրամշակվել է:

Նախագծերի փաթեթի հարակից զեկուցումը ներկայացրել է Լիլիթ Մինասյանը: Պատգամավորը հայտնել է, որ արտերկրում ապրող մեր հայրենակիցները կարող են էապես տարբերվող պատկերացումներ ունենալ ՀՀ-ում տիրող քաղաքական իրավիճակի ու ներքին զարգացումների վերաբերյալ, ուստի նաև հիմնավոր է համարել նոր կարգավորումների սահմանումն ու խնդրել  բացառությունների ցանկում ներառել նաև առողջապահական նպատակներով արտերկրում գտնվելու հանգամանքը:

Կառավարության դրական դիրքորոշումը ներկայացրել է ՀՀ ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանը:

«Հայաստանի քաղաքական կյանքը տարածվում է ՀՀ տարածքում, ուստի կարևոր է, որ ընտրելու իրավունք ունենան անձինք, ովքեր մասնակցում են այս քաղաքական կյանքին ու կարող են ընտրություն կատարելուց հետո նաև օգտագործել վերահսկողական բոլոր գործիքներն ու հետևել ընտրության արդյունքներին»,- ասել է ՆԳ նախարարը:

Հանձնաժողովը դրական եզրակացություն է տվել Կառավարության առաջարկների հիման վրա լրամշակված տարբերակով օրենքի նախագծին:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում