Եթե ՌԴ-ն փակի իր շուկան ՀՀ-ի առաջ, ԵՄ-ն կբացի դուռը 450 միլիոնանոց շուկայով․ ֆոն դեր Լայեն
Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը հայտարարել է, որ Եվրամիությունը կաջակցի Հայաստանին՝ Ռուսաստանի հնարավոր տնտեսական ճնշումների պայմաններում։
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ ընդլայնված կազմով հանդիպման ընթացքում ֆոն դեր Լայենն ասել է, որ ԵՄ-ն գիտակցում է՝ Ռուսաստանը փորձում է ճնշում գործադրել Հայաստանի վրա՝ Եվրամիության հետ հարաբերությունների խորացումը կանխելու նպատակով։
«Մենք դա թույլ չենք տա։ Մենք ձեզ կաջակցենք դրանում»,- հայտարարել է նա։
Ֆոն դեր Լայենի խոսքով՝ եթե Ռուսաստանը փակի իր շուկան հայկական արտադրանքի համար, Եվրամիությունը պատրաստ է բացել իր շուկան։
«Եթե Ռուսաստանը փակի իր շուկան Հայաստանի արտադրանքի համար, ԵՄ-ն կբացի դուռը հայկական արտադրատեսակների համար՝ 450 միլիոն սպառող ունեցող եվրոպական շուկայում»,- ասել է Եվրահանձնաժողովի նախագահը։
Նա նաև ընդգծել է, որ ԵՄ-ն ցանկանում է աջակցել տարածաշրջանում խաղաղության գործընթացին և ներդրումներ կատարել փոխկապակցվածության ծրագրերում, որոնք կապում են Եվրոպան Հարավային Կովկասի և Կենտրոնական Ասիայի հետ։
«Հայաստանն իր աշխարհագրական դիրքի շնորհիվ կենսական դեր ունի այդ ծրագրերում։ Մենք արդեն տրամադրել ենք 200 միլիոն եվրո, որը կարող ենք լծակավորել մինչև 2 միլիարդ եվրոյի ներդրումների»,- նշել է ֆոն դեր Լայենը։


Կարծիքներ