ՀՀ բնակավայրերում պետական դրոշի տեղադրման հստակ ու միասնական մոտեցում կսահմանվի. նախագիծ

ՀՀ բնակավայրերում պետական դրոշի տեղադրման հստակ ու միասնական մոտեցում կսահմանվի. նախագիծ

Հայաստանի Հանրապետությունում չկա հստակ իրավական կարգավորում, որով պարտադիր կսահմանվի՝ Հայաստանի Հանրապետության պետական դրոշը պետք է տեղադրված լինի բոլոր բնակավայրերի մուտքերում: Գործնականում որոշ համայնքներում պետական դրոշներ տեղադրված են համայնքային նախաձեռնությամբ, սակայն միասնական մոտեցում և պարտադիր պահանջ գոյություն չունեն: Այս մասին ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի՝ հուլիսի 1-ին կայացած արտահերթ նիստի ընթացքում ասել է «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Ալխաս Ղազարյանը՝ առաջին ընթերցմամբ հանձնաժողովականներին ներկայացնելով իր և ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի համահեղինակած ««Հայաստանի Հանրապետության դրոշի մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը:

Պատգամավորները հետաքրքրվել են պետական դրոշի գործածման ընդհանուր կարգից, բնակավայրերում դրոշի տեղադրման վայրի ընտրությունից: Հիմնական զեկուցողը հարցերին տվել է սպառիչ պատասխաններ:

Հարակից զեկույցով հանդես է եկել պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Անուշ Քլոյանը: Պատգամավորը դրական է գնահատել օրենքի նախագիծը:

Կառավարության դրական դիրքորոշումը ներկայացրել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Առնակ Ավետիսյանը: Փոխնախարարը տեղեկացրել է, որ Կառավարության առաջարկներն ընդունվել են նախագծի համահեղինակների կողմից:

Հանձնաժողովը դրական եզրակացություն է տվել լրամշակված տարբերակով օրենքի նախագծին:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում