Այն նողկանքը, որը հիմա զգում է ԼՂ հայությունը ՌԴ-ի նկատմամբ, անգամ Թուրքիայի և Ադրբեջանի պարագայում այդպես չէ. քաղաքագետ
Քաղաքագետ Արեգ Քոչինյանի կարծիքով՝ ռուսական կողմն անգամ չի ընկալում տարբերությունը Ղարաբաղին և Հայաստանին օգնելու դեպքում:
Այս մասին նա ասել է «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում՝ անդրադառնալով ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովայի այն հայտարարությանը, թե «հայտարարություններն այն մասին, որ Մոսկվան և ՀԱՊԿ-ը Լեռնային Ղարաբաղում հակամարտության սրման ժամանակաշրջանում չեն օգնել Հայաստանին, սուտ են»:
«Այսինքն ռուսական կողմի համար Ղարաբաղ-Հայաստան մոտավորապես նույն բաներն են, մինչդեռ միջազգային իրավունքի տեսանկյունից որակապես տարբեր են: Մի կողմից մենք գործ ունենք միջազգայնորեն ճանաչված ՀՀ ինքնիշխան տարածքի հետ, մյուս կողմից՝ Ղարաբաղի, որի տարածքային ամբողջականությունը միջազգային իրավունքի ոչ մի սուբյեկտ չի ճանաչել»,- նկատում է նա:
Քաղաքագետը ևս մեկ անգամ մանրամասնում է, թե որն է հայկական կողմի հիմնական պահանջը:
«Հայկական կողմի հիմնական մեղադրանքն այն է, որ 2021-22 թվականներին, երբ հարձակման տակ էր արդեն Հայաստանը, տարածքային ամբողջականությունը, Ջերմուկում և Վարդենիսում օկուպացված տարածքներ ունենք, և Հայաստանը ինչպես դիմել է ՌԴ-ին երկկողմ խողովակներով, այնպես էլ ՀԱՊԿ խողովակներով աջակցության համար ու որևէ բան չի ստացվել: Այ սա՛ է հիմնական մեղադրանքը: Ռուսական կողմը կա՛մ չի հասկանում, կա՛մ Հայաստանի բարձրացրած հարցերին պարզաբանում տալուն պատասխանում է մեղադրանքով, վիրավորանքներով, հոխորտաքներով, այսինքն՝ շարունակում է խորացնել այն ճգնաժամը, որն առաջացել է ՀՀ-ի և ՌԴ-ի միջև»,- ընդգծում է նա:
Ըստ Քոչինյանը՝ ակնհայտ է, որ տարածաշրջանում Ռուսաստանն ունի միայն մեկ դաշնակից, և դա կոնֆլիկտն է: Նրա խոսքով՝ ՌԴ-ն պատրաստ է աջակցել բոլոր այն կողմերին և ուժերին, որոնք ուզում են այդ կոնֆլիկտի վերարտադրությունը, այլ ոչ թե լուծումը. «Ինչ վերաբերում է Արևմուտքի դերակատարությանը, ապա դա հայելային կերպով ՌԴ-ի դերակատարման հակառակ պատկերն է, այսինքն՝ Արևմուտքն էլ հենց այն պատճառով, որ ՌԴ-ին պետք է կոնֆլիկտը՝ իր ազդեցությունը տարածաշրջանում պահելու համար, աջակցում է այն ուժերին և խաղացողներին, որոնք ուզում են հասնել երկարատև կարգավորման»:
Ինչ վերբերում է ՀՀ-ի եվրոպական ինտեգրացիայի ցանկություններն, ապա ըստ զրուցակցի, ակնհայտ է, որ դա էականորեն նվազեցնելու է ՌԴ-ի ազդեցությունը տարածաշրջանում:
«Բայց սրան էլ շատ հստակ պետք է պատասխանել, որ Հայաստանը տարիներով, եթե ոչ տասնամյակներ շարունակ բոլոր հարցերում աջակցել է ՌԴ-ին, հետևել բոլոր ինտեգրացիոն գործընթացներին, դրանցում միշտ եղել է ակտիվ ընդամենը մեկ պատճառով, որովհետև Հայաստանը ՌԴ անվտանգային երաշխիքների կարիքն է ունեցել: ՀՀ-ն, սակայն, դա չի ստացել և չի ստանում, ըստ էության, 4 տարի շարունակ, ինչը բերել է աղետների և միաժամանակ բացարձակապես անիմաստ դարձրել Հայաստանի մասնակցությունը ռուսական ինտեգրացիոն գործարքներում»,- տեսակետ է հայտնում նա:
Քաղաքագետի կարծում է, որ ՌԴ-ի հետ իսկապես ապագա չկա. «ՌԴ-ն միջազգային արենայում առանձնապես վստահելի, որակյալ գործընկեր չէ, չկա ո՛չ տնտեսություն, ո՛չ տեխնոլոգիա, ո՛չ կրթություն, ո՛չ գիտություն, ո՛չ մշակույթ, և նորից եթե այն դերակատարությունը, որը պետք է կատարեր ու չի կատարում, ապա հարց է առաջանում՝ Հայաստանի ինչի՞ն է պետք ՌԴ-ն»:
Անդրադառնալով Զախարովայի այն դիտարկմանը, թե ԵՄ դիրքորոշումը լիովին տեսանելի է Երևանի վարած քաղաքականության մեջ՝ քաղաքագետը ժողովրդական ասացվածքով է արձագանքում՝ «Արջը 7 երգ գիտի՝ 7-ն էլ մեղրի մասին»:
«Հիմա ՌԴ-ի արձագանքն է բոլոր իրավիճակներում, բոլոր պարագաներում՝ բոլորին մեղադրել նրանում, որ իրենք Արևմուտքի ազդեցության տակ են, որ դա արևմտյան նարատիվներն են, գրանտներն են, ՀԿ-ներն են, Սորոսի հիմնադրամն է և այլ: Ամենապարզ ու երևացող արգումենտն այստեղ ո՞րն է. ԼՂ-ն և դրա բնակչությունը մշտապես եղել են հայ իրականության ամենապռոռուսական սեգմենտներից մեկը, ԼՂ-ում չկային ո՛չ արևմտյան ՀԿ-ներ, ո՛չ գրանտներ, ո՛չ ներկայություն, կային միայն ռուսներ, և ես ռուս գործիչներին, որոնք ամեն ինչում մեղադրում են Բրյուսելին, Վաշինգտոնին ու էլի չգիտես՝ ում, կոչ եմ անում հարցում անցկացնել և տեսնել, թե ԼՂ հայությունը ի՞նչ է մտածում Ռուսաստանի մասին: Այդպիսի նողկանք ու ատելություն, ինչպիսին հիմա զգում են նրանք ՌԴ-ի հանդեպ, կասկածում եմ, որ անգամ զգում են Ադրբեջանի ու Թուրքիայի հանդեպ»,- ասում է նա:
Ավելին` սկզբնաղբյուրում:
Կարծիքներ