Փարիզի քաղաքային խորհրդի բանաձևը Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի իրավիճակի վերաբերյալ

Փարիզի քաղաքային խորհրդի բանաձևը Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի իրավիճակի վերաբերյալ

Փարիզի քաղաքային խորհրդի բանաձևը Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի իրավիճակի վերաբերյալ

Հաշվի առնելով Լեռնային Ղարաբաղի ճանաչումը պահանջող Ֆրանսիայի Տեղական ինքնակառավարման մարմինների ՏԻՄ ներկայացուցիչների, ներառյալ՝ տարբեր քաղաքական կուսակցություններին հարող մի խումբ խորհրդարանականների հանձնառու համախմբումը, ովքեր 2020թ. հոկտեմբերի 19-ին Ազգային ժողով «Արցախի Հանրապետության ճանաչման մասին բանաձևի» առաջարկ են ներկայացրել,

Հաշվի առնելով մայրաքաղաք Փարիզի 9-րդ քաղաքային շրջանի քաղաքապետ Դելֆին Բյուրկլիի, «Առաջադիմականներ և Անկախներ» խմբակցության անդամներ Պիեռ-Իվ Բուրնազելի, Ալեքսի Գովցյանի և «Մոդեմ, Ժողովրդավարներ և Բնապահպաններ» խմբակցության անդամ Մոդ Լըլիևրի Լեռնային Ղարաբաղի իրավիճակի վերաբերյալ համատեղ կոչը, որը վերջիններս որոշեցին միացնել Փարիզի քաղաքային խորհրդի ընդհանուր սույն կոչին,

Հաշվի առնելով, որ 2020թ. սեպտեմբերի 27-ին Ադրբեջանը՝ Թուրքիայի քաղաքական ու ռազմական աջակցությամբ և Սիրիայից ջիհադիստ գրոհայինների ներգրավվածությամբ, ռազմական հարձակում սանձազերծեց,

Հաշվի առնելով, որ Ադրբեջանի Հանրապետության զինված ուժերի օդային հարվածներից Լեռնային Ղարաբաղում վիրավորվել և զոհվել են մի քանի տասնյակ խաղաղ բնակիչներ, Ստեփանակերտի քաղաքային ենթակառուցվածքների 80%-ը, այդ թվում՝ կրթական և առողջապահական հաստատությունները մեծամասամբ ավերվել են, և որ այլ բնակավայրերում ևս առկա են բազմաթիվ ավերածություններ և տուժածներ,

Հաշվի առնելով Լեռնային Ղարաբաղում մարդասիրական աղետալի իրավիճակը և մեծաթիվ զոհերի առկայությունը,

Հաշվի առնելով, որ, չնայած ռազմական գործողությունների մեկնարկից ի վեր դրանք անհապաղ դադարեցնելու Ֆրանսիայի՝ որպես Մինսկի խմբի համանախագահ և հակամարտության միջնորդ երկրի կոչերին՝ իրավիճակն էլ ավելի վատթարացավ, և որ մի քանի անգամ հրադադարի ռեժիմ հայտարարվեց, որոնք բոլորն էլ խախտվեցին հայտարարվելուց մեկ ժամվա ընթացքում,

Հաշվի առնելով նոյեմբերի 9-ին Ռուսաստանի Դաշնության հովանու ներքո ստորագրված վերջնական զինադադարը, որին Ֆրանսիան մասնակից չի դարձվել և որտեղ ուժի հաղթանակը գերիշխեց երկխոսության հաղթանակին:

Հաշվի առնելով, որ այս հրադադարով մարտնչող երկու կողմերի զինված ուժերը կանգ են առնում տվյալ օրվա դրությամբ իրենց կողմից զբաղեցրած դիրքերում՝ ի վնաս հայ ժողովրդի և Լեռնային Ղարաբաղի ժողովրդի,

Հաշվի առնելով, որ, չնայած ռուսական խաղաղախահ ուժերի տեղակայմանը, վտանգված է Լեռնային Ղարաբաղի գոյության հարցը,

Հաշվի առնելով, որ Փարիզի քաղաքապետը ռազմական գործողությունների ընթացքում բազմիցս հանդես է եկել հայտարարություններով՝ կոչ անելով դրանք դադարեցնել և վերահաստատելով Փարիզի քաղաքային իշխանությունների աջակցությունը հայ ժողովրդին, որտեղ էլ նա բնակվի,

Հաշվի առնելով մայրաքաղաք Փարիզի և հայ ժողովրդի միջև վաղեմի և անսասան բարեկամական հարաբերությունները, որոնց մասին Հայաստանի Հանրապետության բարձրաստիճան իշխանություններին վերահաստատվեց նաև մեր գործընկեր, փոխքաղաքապետ Անուշ Թորանյանի մակարդակով, ով մարտական գործողությունների թեժ ժամանակամիջոցում ուղեկցում էր Հայկական բարեգործական ընդհանուր միության - ՀԲԸՄ Եվրոպայի մասնաճյուղի դիտորդական առաքելությանը,

Հաշվի առնելով, որ մայրաքաղաք Փարիզն ավանդաբար օգնություն է ցուցաբերում մարդու իրավունքների զանգվածային խախտումներին զոհ դարձած բնակչությանը, և որ առկա է մարդասիրական աղետալի իրավիճակի մասին ահազանգելու անհրաժեշտություն,

Հաշվի առնելով, որ մայրաքաղաք Երևանը Ֆրանկոֆոն քաղաքապետերի միջազգային ասոցիացիայի (ՖՔՄԱ-AIMF) անդամ է,

Հաշվի առնելով, որ մայրաքաղաք Փարիզի քաղաքային իշխանությունների համար մեծապես կարևորվում է Լեռնային Ղարաբաղի բնակիչներին աջակցության տրամադրումը,

Փարիզի քաղաքապետարանի Գործադիր մարմնի, «Միասնական Փարիզ», «Կոմունիստ և Քաղաքացի», «Փարիզի բնապահպաններ», «Սերունդներ», «Անկախներ և Առաջադիմականներ», «Փոխել Փարիզը», «Մոդեմ», «Ժողովրդավարներ և Բնապահպաններ» խմբակցությունների առաջարկով, Փարիզի քաղաքային խորհուրդը կոչ է անում.

- որպեսզի Փարիզի քաղաքապետը նամակով դիմի Եվրոպայի և արտաքին գործերի նախարարին՝ կոչ անելով Ֆրանսիային ճանաչել Արցախի Հանրապետությունը (Լեռնային Ղարաբաղ),

- որպեսզի Ֆրանսիայի կառավարությունը, վերացնելով Ֆրանսիայի ՏԻՄ-երի առջև դրված Լեռնային Ղարաբաղի հետ հարաբերություններ հաստատելու արգելքը, մարդասիրական օգնության համատեքստում նրանց արտոնի համագործակցել Լեռնային Ղարաբաղի հետ,

- որպեսզի Փարիզի քաղաքային իշխանությունները տեղական օպերատորի միջոցով կարողանան շտապ մարդասիրական օգնություն տրամադրել Լեռնային Ղարաբաղին՝ հնարավորինս հասցեագրված օգնություն հատկացնելով հակամարտությունից տուժած բնակչությանը,

- որպեսզի Փարիզի քաղաքային իշխանությունները 50,000 եվրոյի չափով ֆինանսական օժանդակություն ցուցաբերեն Լեռնային Ղարաբաղի բնակչությանը և տեղահանվածներին, ովքեր ապաստան են գտել Հայաստանի Հանրապետությունում։ Այս օգնությունը, որը տրամադրվում է Ֆրանսիայի համահայկական հիմնադրամի միջոցով, գումարվում է Ֆրանկոֆոն քաղաքապետերի միջազգային ասոցիացիայի (ՖՔՄԱ-AIMF) միջոցով Փարիզի գործընկեր և ՖՔՄԱ-ի անդամ մայրաքաղաք Երևանին նախապես տրամադրված 50,000 եվրոյի օժանդակությանը։

 

Հետևեք մեզ նաև Տելեգրամում