Ժաննա Անդրեասյանն ընդունել է Հայաստանի ամերիկյան համալսարանի նախագահին

Ժաննա Անդրեասյանն ընդունել է Հայաստանի ամերիկյան համալսարանի նախագահին

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն ընդունել է Հայաստանի ամերիկյան համալսարանի նորանշանակ նախագահ Բրյուս Պողոսյանին:

Հանդիպմանը ներկա էին նաև ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը և Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի նախագահ Սարգիս Հայոցյանը:

ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը շնորհավորել է Հայաստանի ամերիկյան համալսարանի նախագահին պաշտոնը ստանձնելու կապակցությամբ և մաղթել արդյունավետ գործունեություն:

«Դուք Հայաստանի ամերիկյան համալսարանի նախագահի պաշտոնը զբաղեցրել եք նաև 2010-2014 թվականներին, և սա Ձեզ համար գործունեության նոր ոլորտ չէ: Վստահ եմ՝ այս փուլում ևս թե՛ Ամերիկյան համալսարանի, թե՛ ընդհանրապես բուհական համակարգի համար ձեռքբերումների շրջան կլինի»,- ասել է Ժաննա Անդրեասյանը:

Նախարարը նշել է, որ « ՀՀկրթության զարգացման՝ մինչև 2030 թվականի պետական ծրագրի» շրջանակում ներկայում Կառավարությունն իրականացնում է կրթական լայնածավալ բարեփոխումներ, այդ թվում՝ բարձրագույն կրթության ոլորտում: Այս համատեքստում Ժաննա Անդրեասյանը կարևորել է համալսարանների հետ համագործակցությունը:

ՀԱՀ նախագահ Բրյուս Պողոսյանը ներկայացրել է համալսարանի կրթական ծրագրերի զարգացման հեռանկարները և իր հերթին պատրաստակամություն հայտնել աջակցել կրթական բարեփոխումներին՝ կարևորելով ընթացող բարեփոխումների հետ համահունչ լինելու ՀԱՀ որդեգրած մոտեցումը։

Ոլորտում իրականացվող բարեփոխումների շրջանակում քննարկվել են նաև ակադեմիական քաղաքին վերաբերող մի շարք հարցեր: Նախարար Ժաննա Անդրեասյանը տեղեկացրել է, որ գլխավոր հատակագծի նախագծային աշխատանքներն իրականացնում են Գերմանիայից ժամանած ճարտարապետական ընկերության մասնագետները, արդեն մշակված է ակադեմիական քաղաքի հայեցակարգը, որը շուտով կներկայացվի ՀՀ կառավարության հաստատմանը:

Հանդիպմանը քննարկվել են երկուստեք հետաքրքրություն ներկայացնող մի շարք այլ հարցեր:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում