Հայտնի են ֆուտզալի ընտրանու մրցակիցները ԱԱ-ի Էլիտ ռաունդում

Հայտնի են ֆուտզալի ընտրանու մրցակիցները ԱԱ-ի Էլիտ ռաունդում

Շվեյցարիայի Նիոն քաղաքում կայացել է ՖԻՖԱ Ֆուտզալի աշխարհի 2024 թ. առաջնության էլիտ ռաունդի վիճակահանությունը:

Այս մասին գրում է ՀՖՖ-ն: Ֆուտզալի Հայաստանի ազգային հավաքականն ընդգրկվել է E խմբում, որտեղ նրա մրցակիցներն են Պորտուգալիան, Վրաստանը և Ֆինլանդիան:

Խաղերը կանցկացվեն սեպտեմբերի 11-20-ը, հոկտեմբերի 2-11-ը և դեկտեմբերի 11-20-ն ընկած ժամանակահատվածում:

«Խումբը շատ բարդ է: Եվրոպայի վերջին երկու առաջնությունների ու աշխարհի գործող չեմպիոնի հետ նույն խմբում ենք: Ես միշտ երազել եմ Պորտուգալիայի հավաքականի հետ մրցելու մասին, և այս անգամ կունենանք այդ հնարավորությունը:

Վրաստանը և Ֆինլանդիան ևս բարձրակարգ թիմեր են, Եվրոպայի նախորդ առաջնությանում երկուսն էլ հասել են քառորդ եզրափակիչ:

Անկախ դրանից, մենք էլ ոչ մեկի համար նվեր չենք լինելու: Խաղալու ենք, պայքարելու ենք յուրաքանչյուր խաղում, որպեսզի հասնենք մեր նպատակներին:

Սպասելիքների մասին կխոսենք թիմերին վերլուծելուց հետո: Գլխավոր սպասելիքն, իհարկե, խմբից դուրս գալն է: Պետք է լավ պատրաստվենք: Հենց դա կլինի ապագա հաղթանակների գրավականը»,-ՀՖՖ-ի հետ զրույցում ասել է Հայաստանի ֆուտզալի հավաքականի գլխավոր մարզիչ Ռուբեն Նազարեթյանը:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում