Ռուսաստանը պաշտպանում է Իրանի՝ ՇՀԿ-ին լիիրավ անդամակցության հայտը
Մոսկվան պաշտպանում Է Թեհրանի՝ Շանհայի համագործակցության կազմակերպությանը (ՇՀԿ) լիիրավ անդամակցության հայտը: Այդ մասին ՌԻԱ Նովոստիին տված հարցազրույցում հայտարարել Է Իրանում ՌԴ-ի դեսպան Լեւան Ճաղարյանը:
«Մենք մի շարք միջազգային ու տարածաշրջանային հարցերի շուրջ նման, համընկնող դիրքորոշումներ ունենք: Այս տարվա սեպտեմբերին Դուշանբեում նշանակված ՇՀԿ-ի գագաթնաժողովի կապակցությամբ կցանկանայի հաստատել, որ Ռուսաստանը պաշտպանում Է Իրանի՝ այդ Կազմակերպությանը լիիրավ անդամակցության հայտը»,-ասել Է դեսպանը:
Շանհայի համագործակցության կազմակերպությունը (ՇՀԿ) մշտապես գործող միջկառավարական եւ միջազգային կազմակերպություն Է, որը հիմնվել Է Ղազախստանի, Չինաստանի, Ղրղզստանի, Ռուսաստանի, Տաջիկստանի եւ Ուզբեկստանի ղեկավարների կողմից: ՇՀԿ-ի ստեղծման հռչակագիրը ստորագրվել Է վեց պետությունների ղեկավարների՝ Շանհայում 2001 թվականի հունիսի 15-ին տեղի ունեցած հանդիպման ժամանակ: 2017 թվականի հունիսի իննին ՇՀԿ-ի անդամ պետությունների ղեկավարները որոշում ընդունեցին Հնդկաստանին եւ Պակիստանին Կազմակերպության մեջ ընդունելու մասին:
Ներկայում ՇՀԿ-ի դիտորդ երկրներ են՝ Աֆղանստանը, Բելառուսը, Իրանը եւ Մոնղոլիան, գործընկեր երկրներ՝ Ադրբեջանը, Հայաստանը, Կամբոջեն, Նեպալը, Թուրքիան եւ Շրի Լանկան: Իրանը Կազմակերպությանն անդամակցելու հայտ Է ներկայացրել 2008 թվականին: Մինչեւ այժմ պահպանվում Է ՇՀԿ-ին նրա միանալու հարցի շուրջ անորոշությունը: Իրանի հայտն այսչափ երկար քննարկելու հիմնական պատճառը դարձել Է Թեհրանի կողմից միջուկային ծրագրի զարգացումը նախագահ Մահմուդ Ահմադինեժադի օրոք (2005-2013 թվականներ), ինչպես նաեւ դրան ի պատասխան հետեւող միջազգային պատժամիջոցները:
Բայց նույնիսկ 2015 թվականին, երբ միջուկային գործարք կնքվեց Իրանի հետ, ՇՀԿ-ին Իրանի անդմակցության գործընթացը չարագացավ, իսկ 2018 թվականին նույնիսկ խորացավ գործարքից ԱՄՆ-ի դուրս գալու եւ դրա ձախողման պատճառով: Իրանի նկատմամբ պատժամիջոցները վերականգնվել են, իսկ Թեհրանն իր հերթին վերադարձել Է համաձայնագրի կետերից աստիճանաբար հրաժարվելուն եւ ձեռնամուխ Է եղել ուրանի հարստացման ավելացմանը: Այժմ Վիեննայում բանակցություններ են անցկացվում Գործողությունների համատեղ համապարփակ ծրագրի (ԳՀՀԾ) վերականգնման եւ Իրանի նկատմամբ ԱՄՆ-ի պատժամիջոցները վերացնելու շուրջ. հունիսի 20-ին ավարտվել Է վեցերորդ փուլը:
Կարծիքներ