Սերբիայում ընդդիմությունը պահանջում է չեղյալ հայտարարել խորհրդարանական ընտրությունների արդյունքներն ու ազատ արձակել ձերբակալված ցուցարարներին. РИА Новости
Սերբիայի ըննդիմության առաջնորդները երկրի խորհրդարանի առջև պահանջել են անվավեր ճանաչել անցկացված խորհրդարանական ընտրությունների արդյունքները և ազատ արձակել անկարգությունների ժամանակ ձերբակալված ցուցարարներին:
РИА Новости-ի փոխանցմամբ, հուլիսի 13-ի երեկոյան բողոքի ակցիաներ են անցկացվել Բելգրադի կենտրոնում՝ խորհրդարանի շենքի առջև՝ ընդդեմ համաճարակային իրավիճակով պայմանավորված իշխանությունների սահմանած սահմանափակումների: Հավաքը սկսվելուց հետո ցուցարարների թիվը հասել է մի քանի հարյուրի: Խորհրդարանի շենքի հետին հատվածում ոստիկանական ուժեր են կենտրոնացվել, որոնք շենքի առջևից ցուցարարների համար տեսանելի չեն եղել:
Ընդդիմադիր «Բավական է» շարժման ղեկավար, Սերբիայի ֆինանսների նախկին ղեկավար Սաշա Ռադուլովիչը կոչ է արել կողմնակիցներին հավաքվել Բելգրադի կենտրոնական հրապարակում և միանալ ընդդիմության առաջնորդներից Բոշկո Օբրադովիչի կողմնակիցներին՝ միասնական ուժերով հանդես գալու համար: Նա նաև առաջարկել է շրջափակել Սահմանադրական դատարանը՝ ընտրությունների արդյունքները չեղյալ հայտարարելու նպատակով, որոնց արդյունքներով նախագահ Ալեքսանդր Վուչիչի կուսակցությունը ստացել է խորհրդարանի տեղերի մեծամասնությունը՝ 250 մանդատից 188-ը:
Բելգրադում բողոքի ակցիաներն ըննդեմ իշխանությունների մտցրած հակահամաճարակային սահմանափակումների մեկնարկել էին օրեր առաջ, երբ նախագահ Ալեքսանդր Վուչիչը հայտարարել էր վարակման դեպքերի կտրուկ աճի պատճառով սահմանափակումները խստացնելու մասին:
Մի քանի օր շարունակ խորհրդարանի շենքի առջև հավաքված ցուցարարների և ոստիկանական ուժերի միջև բախումներ էին տեղի ունեցել, երբ ցուցարարները փորձել էին ներխուժել խորհրդարանի շենք: Դրան հետևել էր նախագահ Վուչիչի հայտարարությունը սահմանափակումները խստացնելու որոշումից հրաժարվելու վերաբերյալ:
Կարծիքներ