Հունաստանի վարչապետը նշել է Թուրքիայի հետ բանակցությունները սկսելու նախապայմանները
Հունաստանը կսկսի բանակցությունները Թուրքիայի հետ Միջերկրական ծովի արեւելյան մասում ծովային սահմանների հարցով, երբ դադարեցվեն թուրքական սադրանքները։ Այդ մասին հայտարարել է երկրի վարչապետ Կիրիակոս Միցոտաքիսը, հաղորդում է Reuters-ը։
«(Մեր երկիրը) կարող է եւ ցանկանում է քննարկել Էգեյան ծովում, Միջերկրական ծովի արեւելյան մասում ծովային սահմանների հստակեցման հարցը միջազգային իրավունքի հիման վրա, սակայն ոչ սպառնալիքի ճնշման ներքո»,-ասել է Միցոտաքիսը Չինաստանից բարձրաստիճան դիվանագետ Յան Ցզեչիի հետ Աթենքում հանդիպման ժամանակ։
«Հենց սադրանքները դադարեցվեն, կսկսվեն քննարկումները»,-ասել է նա՝ հավելելով, որ Հունաստանի ԱԳ նախարարը նամակով կներկայացնի Աթենքի դիրքորոշումը ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերիշին Նյու Յորքում։
Ավելի վաղ ՆԱՏՕ-ի քարտուղար Յենս Ստոլթենբերգը հայտարարել էր, որ Հունաստանն ու Թուրքիան պայմանավորվել են բանակցությունների մասին Արեւելյան Միջերկրական ծովում բախումներից խուսափելու համար։
Թուրքիան հայտարարել է, որ սատարում է ՆԱՏՕ-ի նախաձեռնությունը եւ որ բանակցությունները վարվեն ոչ թե երկկողմանի խնդիրները լուծելու, այլ միջոցների շուրջ, որոնք նախաձեռնվել են երկու երկրների զինվորականների կողմից։
Մեկնաբանելով ՆԱՏՕ-ի հայտարարությունը՝ հույն դիվանագետները հայտարարել են, որ երկխոսության համար նախապայման է, որ Թուրքիան հրաժարվի տարածաշրջանում սադրանքներից։
Կարծիքներ