Առաջարկվում է զոհված, հաշմանդամություն ստացած կամ անհետ կորած անձանց կատարողական վարույթները կարճելու դեպքում ծախսեր չգանձել

Առաջարկվում է զոհված, հաշմանդամություն ստացած կամ անհետ կորած անձանց կատարողական վարույթները կարճելու դեպքում ծախսեր չգանձել

ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում առաջին ընթերցմամբ քննարկվել է Կառավարության հեղինակած՝ ««Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծը:

ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Վահե Դանիելյանը ներկայացրել է առաջարկվող փոփոխությունները:

Նա նշել է, որ 2020-ի սեպտեմբերի 27-ին հայտարարված ռազմական դրությամբ պայմանավորված` պարտատերերը, այդ թվում` բանկերը և վարկային կազմակերպությունները, համապատասխան հիմքերի առկայության պարագայում կարող են ներել որոշ պարտապանների (օրինակ` զոհված, հաշմանդամություն ստացած, անհայտ բացակայող կամ մահացած ճանաչված անձանց) պարտավորությունները: Մինչդեռ հնարավոր են դեպքեր, երբ պարտատերերը ներում են պարտապանների այն պարտավորությունները, որոնց վերաբերյալ արդեն իսկ հարուցվել են կատարողական վարույթներ, որի դեպքում գանձվում են կատարողական գործողությունների կատարման ծախսեր, որը պետք է բանկը վճարի: Ուստի, առաջարկվում է կատարողական վարույթները կարճելու դեպքում կատարողական գործողությունների կատարման ծախսեր չգանձել:

Օրենքի նախագիծը ստացել է դրական եզրակացություն:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում