Ադրբեջանի ձեռքում է Հայաստանի հարյուրից ավելի քաղաքացի․ Զարեհ Սինանյան
Ադրբեջանի ձեռքում է Հայաստանի հարյուրից ավելի քաղաքացի, և այս հարցի լուծման ձգձգումը հետաձգում է Երևանի և Բաքվի միջև երկխոսության մեկնարկը: Այս մասին «ՌԻԱ Նովոստիին» տված հայցազրույցում հայտարարել է Սփյուռքի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը։ Փետրվարի 24-ից մարտի 2-ը Ռուսաստան կատարած այցի ընթացքում Սինանյանը այդ հարցը քննարկել է Ռուսաստանի Դաշնության փոխարտգործնախարար Անդրեյ Ռուդենկոյի հետ շփումներում: «Մեզ համար ամենակարևոր թեման հայ ռազմագերիների և գերիների վերադարձն է Ադրբեջանից: Եվ ես այդ հարցը քննարկել եմ նաև Ռուսաստանի արտգործնախարարությունում կայացած հանդիպմանը … Գիտեմ, որ նրանք հարյուրից ավելին են, բայց ես հստակ թիվ չունեմ. Մենք ունենք այն մարդկանց ցուցակը, ում մենք գիտենք, որ գտնվում են Ադրբեջանում, և դեռ կա անհայտ կորածների ցուցակ: Եվ այս դեպքում թվերը անընդհատ փոխվում են », – ավելացրեց նա: Նրա խոսքով՝ Երևանը հույս ունի, որ Մոսկվան կշարունակի իր ներդրումն ունենալ այս խնդրի կարգավորմանը: «Հուսով ենք, որ կկարողանանք հաջողության հասնել Ռուսաստանի Դաշնության հետ աշխատանքում: Ռուսական կողմը հավաստիացրեց, որ դա կնպաստի այս հարցի կարգավորմանը, և մենք նրանց վստահում ենք: Այս հարցի ձգձգումը հետաձգում է երկխոսության մեկնարկը Հայաստանի ու Ադրբեջանի միջև», – ասաց Սինանյանը: Ավելի վաղ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել էր, որ Բաքուն բոլոր ռազմագերիներին է հանձնել Երեւանին: Այս հայտարարությունն արվել է փետրվարի 26-ին։ Ալիևը նշել է, որ այս պահին պահվում են միայն «ահաբեկիչներ և դիվերսանտներ»։ Հիշեցնենք, որ Ալիևը նոյեմբերի 9-ից հետո գերեվարված զինվորներին ռազմագերի չի համարում և կարծում է, թե նրանց վերաբերյալ նշված հայտարարության մեջ որևէ բան չկա գրված։ Ավելի վաղ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշել է, որ նոյեմբերի 9-ի արձանագրության մեջ հստակ նշված է գերիների, պատանդների և այլ պահվող անձանց վերադարձի պարտավորությունը։ «Ուզում եմ նշել, որ նույն Խծաբերդի միջադեպի հետևանքով գերեվարված մեր զինվորների հետ կապված ամենատարբեր մեկնաբանություններ են արվում․ նրանք ռազմագերի են, նրանք ռազմագերի չեն։ Դրանք տեղի չեն, քանի որ նոյեմբերի 9-ի հայտարարությունը ոչ միայն ռազմագերի մասին է, այլ նաև գերիների, պատանդների, այլ պահվող անձանց։ Դա եռակողմ հայտարարություն է, և պարտավորությունները կիսում են բոլոր 3 կողմերը։ Մենք աշխատում ենք այդ հարցին արագ լուծում տալու համար»,-նշել է Փաշինյանը։ ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը հունվարի 18-ին հայտարարել է, որ ավելի վաղ Ադրբեջանը հանձնել է այն գերիներին, որոնք մինչև նոյեմբերի 9-ը գերևարվել էին, սակայն դեկտեմբերի սկզբին այլ հարց է առաջացել։ «Մի խումբ հայ զինվորականներ գերևարվել են դեկտեմբերի սկզբին, 62 հոգի։ Ադրբեջանը հայտարարել է, որ քանի որ այդ մարդիկ այդ շրջան են տեղափոխվել մարտական գործողությունների ավարտից հետո, նրանց պետք է դիտարկել առանձին ընթացակարգով և նրանք նոյեմբերի 9-ի հայտարարության հետ առնչություն չունեն։ Ես խոսել եմ ՀՀ ԱԳ նախարարի հետ ցուցակները ճշտելու համար, պարզվել է, որ թիվը 62-ից ավելի է»։
Կարծիքներ