Թուրքիան կօգտագործի ռուսական Ս-400-ները մինչև սեփական ՀՕՊ համակարգի ստեղծումը. փորձագետ
Թուրքիան կօգտագործի Ռուսաստանից ձեռք բերված Ս-400 զենիթահրթիռային համալիրները մինչև իր մոտ չհայտնվի համանման հայրենական հակաօդային պաշտպանության համակարգ, հայտնել է թուրք փորձագետը։ Թուրքիան նաև դրանք չի վաճառի երրորդ երկրների։ Այդ մասին «Արմենպրես»-ը տեղեկանում է ՏԱՍՍ գործակալությունից:
Ամերիկյան Forbes հանդեսն ավելի վաղ հայտնել էր, որ Թուրքիան, որն ստեղծում է «Երկաթե գմբեթ» հակաօդային պաշտպանության համակարգը, դրա ակտիվացումից հետո կարող է Ս-400-ները վաճառել երրորդ երկրների, մասնավորապես՝ Հնդկաստանին կամ Պակիստանին, ինչը նրան թույլ կտա վերադառնալ ԱՄՆ-ի նոր սերնդի F-35 կործանիչների արտադրության ծրագրին։ Անկարան դրանից հեռացվել է Ռուսաստանի հետ Ս-400 համալիրների մատակարարման պայմանագրի կնքումից հետո։ Վաշինգտոնը ծրագրին Թուրքիայի վերադարձի հեռանկարը կապում է ռուսական համակարգերից Անկարայի հրաժարվելու հետ։Պաշտպանության և անվտանգության հարցերի փորձագետ Թուրան Օղուզի կարծիքով՝ Թուրքիան առայժմ չունի հակաօդային պաշտպանության համակարգեր, որոնք կպաշտպանեին նրա օդային տարածությունը միջին հեռահարության բալիստիկ հրթիռներից, ինչը թույլ են տալիս ռուսական Ս-400-ները։ «Ս-400-ները չեն ինտեգրվել ՆԱՏՕ-ի համակարգերին, բայց Թուրքիան ռուսական զենիթահրթիռային համալիրները միացրել է սեփական ռադիոտեղորոշման ցանցին և դրանցից ստանում է անհրաժեշտ աջակցությունը։ Համակարգը գործում է ինքնավար….
Հայրենական արտադրության պաշտպանական համակարգերը չունեն բալիստիկ հրթիռներից պաշտպանության ցանցեր, իսկ Ս-400-ները բալիստիկ հրթիռներից Թուրքիայի օդային տարածությունը պաշտպանում են 400 կմ շառավղով: Siper զենիթահրթիռային համալիրը, որը Թուրքիայի սպառազինությունում կհայտնվի այս տարի, թույլ կտա պաշտպանություն ապահովել միայն 100 կմ շառավղով», - Turkiye թերթին ասել է Օղուզը։
Ավելի վաղ Hurriyet թերթին տված հարցազրույցում նա չի բացառել, որ Ս-400-ները կարող են ինտեգրվել թուրքական «Երկաթե գմբեթ» հակաօդային պաշտպանության համակարգին։2017 թվականին Թուրքիան Ռուսաստանից ձեռք է բերել Ս-400 հակաօդային պաշտպանության համակարգերի չորս դիվիզիոն՝ 2,5 միլիարդ դոլար արժողությամբ: 2019 թվականի հոկտեմբերին «Ռոսօբորոնէքսպորտ»-ը հայտնել է, որ համակարգերի մատակարարումների պայմանագիրը կատարված է:
Կարծիքներ