Աշխատասեր, ստեղծագործ, պարզ ու շիտակ մարդիկ են ապրում Շիրակում. Կանադայի դեսպան
«Աշխատասեր, ստեղծագործ, պարզ ու շիտակ մարդիկ են ապրում Շիրակում, դուք հյուրասեր ու ամենահումորասեր մարզում եք»:
Շիրակի մարզպետ Մուշեղ Մուրադյանն այսօր աշխատակազմի պատասխանատուների հետ ընդունել է ՀՀ-ում Կանադայի արտակարգ և լիազոր դեսպան Էնդրյու Թըրներին և ՀՀ-ում Կանադայի պատվավոր հյուպատոս Վարդգես Ավագյանին։
Ինչպես հայտնել են մարզպետարանից, Շիրակի մարզպետը ողջունելով դիվանագետներին՝ ներկայացրել է Շիրակի մարզը, անդրադարձել մարզի առանձնահատկություններին և առավելություններին:
«Քանի որ առաջին անգամ ենք հանդիպում, կուզենամ Շիրակի մարզի ու Գյումրու մասին մի փոքր պատմել, իհարկե իմացա, որ հասցրել եք Գյումրիում լինել, վստահ եմ՝ հավանած կլինեք մեր մարզկենտրոնը։ Լինելով արդյունաբերական լուրջ կենտրոն՝ երկրաշարժից հետո, Շիրակը կորցրեց երբեմնի հզորություններն ու տասնամյակներ շարունակ վերականգնման ու կառուցման ճանապարհով անցավ, բազմաթիվ ծրագրեր են իրականացվել, սակայն դեռ անելիքներ ունենք։ Որքան էլ դժվար ճանապարհ է անցել մեր մարզը՝ պահպանել է իր առանձնահատուկ ոգին, ունի մեծ պոտենցիալ ինչպես զբոսաշրջության և մշակույթի զարգացման, այնպես էլ տարբեր բնագավառներում զարգացման նոր ուղի բռնելու համար։ Հայաստանի հյուսիսային մարզ Շիրակը խիստ գրավիչ է թե որպես ձմեռային տուրիզմի լավագույն վայր, թե գաստրոտուրիզմի, էլ չխոսեմ Գյումրու մասին, որը պահպանել է 19-րդ դարի քաղաքային կոլորիտն ու պատմական միջուկն, իսկապես, հրաշալի վայր է ճարտարապետական կառույցներով, կոլորիտային մշակույթով։
Գյումրին առաջընթաց ունի թե տեղեկատվական տեխնոլոգիաների, թե մշակութային նախաձեռնությունների և թե մարզական ձեռքբերումների առումով, եթե տարեկան մի քանի տասնյակ մեդալներ մարզ չգան միջազգային ու աշխարհի տարբեր առաջնությունններից մենք շատ կզարմանանք։ Ինչու եմ փորձում մարզը ներկայացնել, քանի որ շատ կուզենամ, որ մեր հանդիպումը միայն ֆորմալ բնույթ չկրի և կարողանանք այսօրվա մեկնարկային կետը դարձնենք լուրջ համագործակցության նախապայման։ Վստահ եմ՝ մեր գործակցությամբ մենք ևս կկարողանանք ամրապնդել մեր երկու երկրների բարեկամությունը։ Շիրակի մարզպետի աշխատակազմը պատրաստ է ապակենտրոնացված համագործակցության և փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ծրագրերի քննարկման»,- ասել է նա։
Դեսպանը շնորհակալություն է հայտնել մարզպետին ջերմ ընդունելության համար և նշել, որ Գյումրուն առանձնահատուկ է վերաբերվում, բացի նրանից, որ քաղաքը շատ է հավանել, ունի նաև անձնական երջանիկ հիշողություններ:
«Պարոն մարզպետ, անչափ զգացված եմ անմիջական ընդունելության համար, դուք միանշանակ ճիշտ նկատեցիք, որ հավանել եմ Գյումրին, ասեմ ավելին՝ կնոջս ամուսնության առաջարկ վերջերս Գյումրիում եմ արել և համաձայնություն եմ ստացել, այնպես որ անձնական ջերմ հիողություններս էլ են գումարվել։ Ինչ վերաբերում է համագործակցությանը, ապա վստահ եմ՝ եթե կա երկուստեք ցանկություն՝ կհաջողենք։ Մեր դեսպանատան բացումից մեկ տարի է անցել և անցած տարում եթե կենտրոնացել ենք կառույցի կայացման, հայ-կանադական հարաբերությունների ամրապնդման վրա՝ այժմ էլ անելու ենք հնարավորը ապակենտրոնացված համագործակցության համար։ Հայաստանում որպես առաջին դեսպան ես ավելի եմ պարտավորված զգում, որպեսզի գործնական քայլեր ձեռնարկեմ հարաբերությունների խորացման առումով»,- ասել է դեսպանը։
Մարզպետն ու դեսպանը խոսել են հնարավոր համագործակցությանն առնչվող հարցերից, մասնավորապես կրթության բնագավառում փորձի փոխանակման, մշակութային, գործարար կապերի հաստատման մասին։
Հանդիպման ընթացքում կողմերն անդրադարձել են երկկողմ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցերի ևս: Ավարտին մարզպետն ու դեսպանը փոխանակվել են հուշանվերներով և նորից հանդիպելու պատրաստակամություն հայտնել։
Կարծիքներ