ՆԱՏՕ-ն և Եվրահանձնաժողովը քննադատել են «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրինագծի ընդունումը Վրաստանի խորհրդարանի կողմից
«Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» Վրաստանի խորհրդարանի ընդունած նոր օրենքը «հեռացնում է երկիրը ԵՄ-ից»: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնել է ՆԱՏՕ-ի մամուլի քարտուղար Ֆարահ Դախլալլան։
«Այսպես կոչված «օտարերկրյա գործակալների» մասին օրենքն ընդունելու՝ Վրաստանի իշխանությունների որոշումը քայլ է սխալ ուղղությամբ և Վրաստանը հեռացնում է եվրոպական և եվրաատլանտյան ինտեգրումից», - գրել է դաշինքի մամուլի քարտուղարը X սոցիալական հարթակում:
Նա Վրաստանին կոչ է արել «փոխել ուղեգիծը և հարգել խաղաղ բողոքի իրավունքը»։
Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահ, ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը նույնպես քննադատել է Վրաստանի խորհրդարանի կողմից օրինագծի ընդունումը։
«Օրենքի ընդունումը բացասաբար է անդրադառնում ԵՄ-ի ուղղությամբ երկրի առաջընթացի վրա…. Մենք Վրաստանի իշխանություններին կոչ ենք անում հետ կանչել օրենքը», - գրել է Բորելը X սոցիալական հարթակում։
Վրաստանի խորհրդարանը մայիսի 14-ին կայացած լիագումար նիստում երրորդ ընթերցմամբ ընդունել է «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրենքը։ Օրինագծի քննարկումն սկսվել էր ապրիլին։ Այդ պահից ի վեր Վրաստանում տեղի են ունենում բողոքի լայնածավալ ակցիաներ։ Մի քանի անգամ դրանք վերաճել են բախումների անվտանգության ուժերի հետ, հատուկ ջոկատայիններն արցունքաբեր գազ և ջրանետիչներ են կիրառել ցուցարարներին ցրելիս։
Օրենքին դեմ են հանդես գալիս ԱՄՆ-ն, ԵՄ-ն, ՄԱԿ-ը, ՆԱՏՕ-ն, ԵԱՀԿ-ն և Եվրոպայի խորհուրդը: Վրաստանի իշխող կուսակցության առաջնորդները պնդում են, որ դա ծառայում է միայն ոչ կառավարական հատվածի և լրատվամիջոցների արտաքին ֆինանսավորման թափանցիկության ապահովման նպատակներին։ Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին հայտարարել է, որ վետո կդնի օրենքի վրա:
Կարծիքներ