Հայրենասիրության մասին խոսքերն ու գները՝ առաջնագիծ Արցախում

Հայրենասիրության մասին խոսքերն ու գները՝ առաջնագիծ Արցախում

Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը ֆեյսբուքյան գրառումով հայտնել է, որ ընդունել է «Ղարաբաղ Տելեկոմ» ընկերության գործադիր տնօրենին և քննարկել են Արցախում ինտերնետի և բջջային կապի գինը նվազեցնելու հարցը: Արցախի նախագահը հավաստիացնում է, որ մինչև 2022 թվական Արցախում լինելու է այն գնային մակարդակը, որը կա Հայաստանում: Արցախցիների համար դա կլինի իսկապես ողջունելի լուր, և ոչ միայն նրանց, այլ նաև հայաստանցիների համար, որոնք հաճախ են կապվում Արցախում իրենց բարեկամների, ընկերների հետ, կամ աշխատանքային, գործնական նպատակով են կապվում Արցախի հետ հաճախ, կամ ունեն այնտեղ ծառայող որդի և ամուսին: Բանն այն է, որ տարիներ շարունակ գործում են չափազանց բարձր գներ, որոնք ուղղակի հարվածում են թե՛ Արցախում ապրողների, թե՛ նաև հաճախակի կապվող հայաստանցիների գրպանին: Հիշարժան է, թե ինչպես գները էապես նվազեցին Ապրիլյան քառօրյայի օրերին միայն, հետո թեև վերադառնալով գրեթե ելման դիրք: Անկասկած է, որ պատասխանատվությունն այստեղ քաղաքական է և այն հնարավոր չէ դնել տնտեսվարողների վրա: Նրանք իրենց բիզնեսն են անում՝ ըստ այն պայմանների, որ ապահովվում է վարվող պետական քաղաքականության շնորհիվ:

Ըստ այդմ, քաղաքական որոշման և պայմանների հարց պետք է լիներ միջավայրի փոփոխությունը, որտեղ բիզնեսն էլ կփոխի իր վարքագիծը: Մեծ հաշվով, այն, ինչ ներկայումս փորձ է արվում անել Արցախի քաղաքական ղեկավարության մակարդակով, անկասկած համոզվածությամբ, որ Հայաստանի քաղաքական ղեկավարությունը հարկ եղած դեպքում ցուցաբերելու է համարժեք քաղաքական աջակցություն: Այդ իրավիճակը հերթական անգամ ի ցույց է դնում այն մսխող, յուրացնող համակարգի բնույթը, որ եղել է և կառավարել Հայաստանում մինչև հեղափոխությունը, և որի բարձրաստիճան ներկայացուցիչները այսօր առավոտից երեկո խոսում են մեծ հայրենասիրական և ազգային կատեգորիաներից և հանձնարարում են խոսել իրենց, այսպես ասած, համակիրներին: Դա այն դեպքում, երբ տարիներ շարունակ չեն ապահովել տարրական բաներ, ինչպիսին, օրինակ, փաստացի առաջնագծում ապրող և աշխատող արցախցիների համար որոշակի հիմնարար տնտեսական պայմաններ, այդ թվում՝ կապի և հեռահաղորդակցության առումով: Այն դեպքում, երբ խոսքը ընդամենը մոտ 150 հազար բնակչություն ունեցող Արցախի տնտեսական կենսապայմանների ապահովման, կացութաձևի մասին է, որտեղ միանգամայն հնարավոր էր ստեղծել ոչ միայն հայկական, այլ նաև համաշխարհային օրինակելիության միջավայր, համակեցության և կենսագործունեության մեխանիզմ և տրամաբանություն, որն ի ցույց կդներ հայրենասիրությունը գործնական ու քաղաքական կամքի առարկայական դրսևորման տեսքով։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում