ԵՄ երկրներն աֆղան փախստականների հարցով պայմանավորվածություն ձեռք չեն բերել
Աֆղան փախստականների հարցով ԵՄ երկրների միջև կոնսենսուսը բացակայում է։ Այս մասին հայտնել է Սլովենիայի վարչապետ Յանեզ Յանշան։
«ԵՄ երկրները պետք է ինքնուրույն որոշեն՝ ցանկանո՞ւմ են ունենալ միգրանտների նոր ալիք, թե ոչ։ Այժմ ԵՄ խորհրդում կոնսենսուս չկա»,-հայտարարել է Յանշան իր թվիթերյան էջում։
Նա հստակեցրել է, որ ԵՄ-ում չկա նույնիսկ մեծամասնություն՝ աֆղան փախստականների ընդունման օգտին։
Վարչապետի խոսքով, չնայած դրան՝ Սլովենիան պատրաստ է ընդունել փախստականների։ Ավելի վաղ երկրի ԱԳ նախարար Անժե Լոգարը հայտարարել էր, որ ԵՄ երկրների միջև բեռի բաշխման շրջանակում պատրաստ են ընդունել ընդամենը 5 աֆղան փախստականի։ Նշվում է, որ այդ հայտարարությամբ նա փորձել է համերաշխություն ցուցաբերել ԵՄ մյուս անդամներին։
Հիշեցնենք, որ Սլովենիան է նախագահում ԵՄ խորհրդում ընթացիկ տարվա երկրորդ կիսամյակում։
Օգոստոսի 23-ին հայտնի է դարձել՝ ԵՄ իշխանությունները հայտարարել են, որ անդամ երկրները պետք է հրաժարվեն աֆղան միգրանտների հարկադիր հայրենադարձումից և մեծացնեն փախստականների ընդունման քվոտաները։ Այդ դիրքորոշման հետ չեն համաձայնել Ավստրիան և Հունաստանը։
Եվրահանձնաժողովի տվյալներով՝ Աֆղանստանում փախստական է դարձել 3․7 մլն մարդ։
Կարծիքներ