Ցեղասպանության ժխտողականությունը սթափության կոչ պետք է լինի ՆԱՏՕ-ում Թուրքիայի դաշնակիցների համար. La Nación
Արգենտինական հեղինակավոր La Nación օրաթերթը Հայոց ցեղասպանության մասին հոդված է հրապարակել՝ շեշտելով, որ Թուրքիայի ժխտողականությունը պետք է սթափության կոչ լինի ՆԱՏՕ-ում Թուրքիայի դաշնակիցներին:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ հոդվածում հիշեցվում է, որ ապրիլի 24-ին լրացել է 1915 թվականին թուրքական պետության կողմից հայ ժողովրդին բնաջնջելու փորձի 107-րդ տարելիցը. «Ավելի քան 1.5 միլիոն հայեր հալածվեցին և սպանվեցին, ինչը Հռոմի Ֆրանցիսկոս պապը նկարագրեց որպես 20-րդ դարի առաջին ցեղասպանություն»:
Շեշտվում է, որ որպես պետական քաղաքականություն իրականացված ցեղասպանության համար իր պատասխանատվության առնչությամբ Թուրքիայի ժխտողականությունը պետք է ՆԱՏՕ-ում իր դաշնակիցների համար սթափության կոչ լինի:
Հոդվածում հիշեցվում է Ուրուգվայում Չավուշօղլուի կողմից ձեռքով՝ հայերին ուղղված «Գորշ գայլերի» նշանը ցույց տալու մասին` ընդգծելով, որ դա ռասիստական, ռազմականացված և ծայրահեղ աջ թուրքական կազմակերպություն է, որը հերքում է ցեղասպանության փաստը:
Հայոց ցեղասպանության փաստի համատեքստում հոդվածում շեշտվում է, որ մարդկության դեմ հանցագործությունների նոր մեղավորները նույնպես մտադիր են թաքցնել իրենց գործողությունները՝ դրանք ներկայացնելով որպես պատերազմ:
«Արգենտինայի Հանրապետությունը, որտեղ բնակվում է Լատինական Ամերիկայի ամենամեծ հայկական համայնքը, Հայոց ցեղասպանության ճանաչումը սահմանել է որպես պետական քաղաքականություն և պետք է շարունակի պայքարել դրա համար միջազգային ասպարեզում»,-ասված է հոդվածում:
Կարծիքներ