Արցախի ՆԳՆ-ն հորդորում է գազի բալոններ օգտագործելիս խստագույնս պահպանել հակահրդեհային անվտանգության կանոնները
Արցախի Հանրապետության ներքին գործերի նախարարությունը հորդորում է քաղաքացիներին գազի բալոններ օգտագործելիս խստագույնս պահպանել հակահրդեհային անվտանգության կանոնները՝ խուսափելու դժբախտ պատահարներից:
Նախարարությունից հիշեցրել են, որ բնական գազի մատակարարման բացակայության պատճառով այս օրերին ԱՀ քաղաքացիների մեծ մասը կենցաղում օգտագործում է գազի բալոններ, որոնք հրդեհավտանգության տեսակետից՝ շատ վտանգավոր են:
«ԱԻ պետական ծառայության 911 ահազանգման կենտրոնում արդեն գրանցվել է հրդեհի 2 դեպք, որոնց առաջացման պատճառը գազի բալոնի պայթյունն է: Բարեբախտաբար 2 դեպքում էլ լուրջ վնասներ չեն գրանցվել:
Բնակարաններում գազի բալոնի պայթյունը արտակարգ իրավիճակ է, որը կարող է հանգեցնել շատ լուրջ հետևանքների, հատկապես, եթե բալոնի մոտ այլ ապրանքներ կան:
Նման արտակարգ դրությունը կարող է հանգեցնել ոչ միայն գույքի ոչնչացման, այլև՝ խլել մարդկային կյանքեր։
Մետաղական բալոնների խնդիրն այն է, որ չափազանց դժվար է վերահսկել դրանցում գազի մակարդակը։
Պայթյունի պատճառ է նաև այն, որ բալոնում գազի հարաբերակցությունը չի համապատասխանում նորմերին։
ՆԳ նախարարությունը հորդորում է ԱՀ քաղաքացիներին անցանկալի արտակարգ պատահարներից ու դեպքերից խուսափելու և դժբախտ ելքով պատահարները բացառելու նպատակով՝ խստագույնս պահպանել հակահրդեհային անվտանգության կանոնները»,- ասվում է ՆԳՆ հայտարարության մեջ:
Կարծիքներ