Սևանա լճից դուրս են բերվել մանրաձուկ որսալու 20 ապօրինի ցանց և ցանցերում առկա 230 հատ մանրաձուկ
Այսօր «Սևան» ազգային պարկի պահպանության բաժինը հատուկ հերթապահություն է իրականացրել Սևանա լճի վրա։
Լճից դուրս են բերվել մանրաձուկ որսալու 20 ապօրինի ցանց և ցանցերում առկա 230 հատ մանրաձուկ։ Ցանցերն առգրավվում և ոչնչացվում են օրենքով սահմանված կարգով:
«Սևանա լճում ապօրինի ձկնորսության դեմ պայքարը գտնվում է շրջակա միջավայրի նախարարության ամենօրյա ուշադրության կենտրոնում։
Նախարարության պատասխանատու ստորաբաժանումներն ու ենթակա կառույցները սերտորեն համագործակցում են պետական այլ մարմինների՝ գերատեսչությունների և ծառայությունների հետ՝ խնդրին համապարփակ և համակողմանի լուծում տալու համար։ Այսօր պետությունը ջանք չի խնայում Սևանա լճի կենսապաշարների վերականգնման և լճի առողջացմանն ուղղված միջոցառումների շրջանակում։
Ուստի, հորդորում ենք մեր հայրենակիցներին իրենց վարքով չխոչընդոտել դաշտը կանոնակարգելու ու համակարգելու գործընթացները։
Սևանա լճում կենսապաշարների կայուն կառավարումը բխում է ինչպես Սևանա լճի, այնպես էլ ՀՀ բոլոր քաղաքացիների շահերից»,- հայտնում են ՇՄՆ-ից:
Կարծիքներ