Հարևանի նկատմամբ սպանության փորձ կատարելու կասկածանքով ձերբակալվել է 38- ամյա տղամարդը
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնում քննություն է տարվում 38-ամյա տղամարդու կողմից հարևանի նկատմամբ սպանության փորձ կատարելու բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ:
Ինչպես «Արմենպրես»-ին հայտնում են Քննչական կոմիտեից, «Այրվածքաբանության ազգային կենտրոն» ՓԲԸ-ից հաղորդում է ստացվել այն մասին, որ «գլխի, պարանոցի, կրծքավանդակի, մեջքի շրջանի, մարմնի ընդհանուր 45 տոկոսի չափի տարածմամբ ծանր այրվածքային շոկ» ախտորոշմամբ իրենց մոտ բուժօգնության է տեղափոխվել 37-ամյա տղամարդ:
Իրականացված անհետաձգելի միջոցառումների արդյունքում պարզվել են տղամարդու՝ հիշյալ վնասվածքներն ստանալու մի շարք հանգամանքներ:
Նախնական տվյալներով՝ 2022թ.ապրիլի 8-ին ժամը 18:30-ի սահմաններում, Երևան քաղաքի Գուրգեն Մահարու փողոցի շենքերից մեկի աստիճանահարթակում կենցաղային հարցերի շուրջ վիճաբանություն է տեղի ունեցել նույն շենքի 37 և 38-ամյա բնակիչների միջև, որի ընթացքում վերջինս, հարևանին ապօրինաբար կյանքից զրկելու դիտավորությամբ, տանից վերցրած ճայթուկները վառել և նետել է հարևանի ոտքերի տակ, այնուհետև դիզվառելիքը լցրել է վերջինիս վրա ու այրել, սակայն հանցանքն, իր կամքից անկախ հանգամանքներում, ավարտին չի կարողացել հասցնել, քանի որ դեպքի վայր ժամանած շտապօգնության բժիշկների կողմից ցուցաբերվել է առաջին բուժօգնություն, ապա տուժողը տեղափոխվել է բժշկական կենտրոն։
Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ ՝ՀՀ քրեական օրենսգրքի 34-104-րդ հոդվածի 1-ին մասով, որի նախաքննությունը հանձնարարվել է քննչական խմբին:
Նախաքննության ընթացքում կատարված դեպքի վայրի զննությամբ շենքի 1-ին հարկի աստիճանահարթակում հայտնաբերվել և առգրավվել է պլաստմասե դատարկ շիշ, պայթեցված ճայթուկի մասեր, հարցաքննվել են մի շարք անձինք: Քրեական գործով էական նշանակություն ունեցող հանգամանքներ պարզելու նպատակով նշանակվել են դատաբժշկական, դատաքիմիական փորձաքննություններ:
38-ամյա տղամարդը ձերբակալվել է՝ հարևանի նկատմամբ սպանության փորձ կատարելու կասկածանքով:
Նախաքննությունը շարունակվում է: Ձեռնարկվում են քննչական և դատավարական այլ անհրաժեշտ գործողություններ՝ օբյեկտիվ և բազմակողմանի քննություն ապահովելու ուղղությամբ:
Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Կարծիքներ