Օտարերկրյա ֆիլմարտադրողները ՀՀ-ում ֆիլմ նկարահանելու դեպքում ներդրումների մինչև 35 տոկոսի վերադարձ կստանան

Կինոարտադրության ոլորտում օտարերկրյա ներդրումների համար բարենպաստ պայմաններ կստեղծվեն, կխթանվի համատեղ արտադրությունը, ոլորտում կակտիվանա տնտեսական գործունեությունը, ինչն էլ կնպաստի հավելյալ եկամուտների գեներացմանը, օտարերկրյա և միջազգային կազմակերպությունների հետ համագործակցության խթանմանը, ինչպես նաև Հայաստանում կինոոլորտի մասնագետների մրցունակության բարձրացմանը:
Այս մասին Կառավարության նիստի ընթացքում ասաց ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը՝ ներկայացնելով համապատասխան որոշման նախագիծը:
Ըստ նախարարի՝ ֆիլմարտադրության կազմակերպման համար Հայաստանի բնակլիմայական պայմանները բարենպաստ են, աշխատաշուկան՝ նույնպես:
Օրինակ՝ ՀՀ-ում հնարավոր է միաժամանակ նկարահանել տարվա բոլոր եղանակներին և ապահովել ֆիլմարտադրության համար անհրաժեշտ ստեղծագործական ու տեխնիկական աշխատանքները:
2019-2024-ին Հայաստանում, ըստ նախարարի, ֆիլմարտադրության համար ֆինանսավորումը 309 մլն դրամ է եղել: Նույն ժամանակահատվածում օտարերկրյա ֆիլմարտադրողների կողմից ներդրվել է տարեկան միջինում 655 մլն դրամ:
«Այս նախագծով օտարերկրյա ֆիլմարտադրողները, այդ թվում՝ ՀՀ-ի ֆիլմարտադրողների հետ, ֆիլմ նկարահանելու պարագայում ՀՀ տարածքում ֆիլմարտադրության նպատակով ներդրված դրամական ծախսերի շրջանակում կարող են հայտ ներկայացնել և որոշմամբ սահմանված պայմաններով ու ձևաչափով հետ ստանալ ներդրումների մի մասը:
Անհրաժեշտ է, որպեսզի ներդրումների մասնակի վերադարձի համար ֆիլմարտադրության հետ անմիջականորեն կապված ապրանքները, ծառայությունները ու աշխատանքները ձեռք բերվեն ՀՀ ռեզիդենտ, հարկեր վճարող կազմակերպություններից և անհատ ձեռնարկատերերից»,- ասաց նա։
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն արձագանքեց՝ ստացվում է ՀՀ-ն ֆիլմարտադրության համար ներդրումների մինչև 35 տոկոսի վերադարձի հնարավորություն է ստեղծում, ապա հիշեցրեց, որ նախկինում նաև օրենսդրական լուծում էր տրվել հարցին: Որոշման այս նախագծով արդեն ենթաօրենսդրական կարգավորումներ են կատարվում, որպեսզի գործընթացը թափանցիկ լինի:
Կարծիքներ