Ռուսաստանն ուղղակի չի կարող լքել Հայաստանը. Պեսկովը մեկնաբանել է ՀՀ վարչապետի հնչեցրած մտքերը

Ռուսաստանն ուղղակի չի կարող լքել Հայաստանը. Պեսկովը մեկնաբանել է ՀՀ վարչապետի հնչեցրած մտքերը

Կրեմլը համաձայն չէ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ Լեռնային Ղարաբաղում խաղաղապահ առաքելության ձախողման և տարածաշրջանից Ռուսաստանի դուրս գալու մասին հայտարարությանը:

Այս մասին ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։

«Ռուսաստանը բացարձակապես այս տարածաշրջանի անբաժանելի մասն է, ուստի չի կարող որևէ տեղ հեռանալ, Ռուսաստանը ուղղակի չի կարող լքել Հայաստանը»,- ասել է պաշտոնյան։

Նա այսպես է մեկնաբանել իտալական La Repubblica թերթին տված Նիկոլ Փաշինյանի հարցազրույցը, որում նա մասնավորապես հայտարարել էր՝ Ռուսաստանը ինքն է դուրս է գալիս Լեռնային Ղարաբաղից։

Պեսկովը հորդորել է չմոռանալ, որ «Ռուսաստանում ավելի շատ հայեր են ապրում, քան բուն Հայաստանում», որոնց մեծ մասը հայրենասեր քաղաքացիներ են, որոնք արժանի ներդրում ունեն երկրի զարգացման գործում։

«Ռուսաստանը շարունակում է հետևողական, շատ կարևոր դեր խաղալ այս տարածաշրջանում իրավիճակի կայունացման և հակամարտությունների կարգավորման գործում: Եվ մենք կշարունակենք խաղալ այդ դերը»,- հավելել է Կրեմլի խոսնակը:

Ըստ նրա՝ կարևոր է, որ տարածաշրջանի բոլոր պետությունները հավատարիմ մնան երկու տարի առաջվա եռակողմ պայմանավորվածություններին։

«Իհարկե, դրանից հետո տեղի ունեցան նոր իրադարձություններ, որոնք մի փոքր փոխեցին իրավիճակը, բայց դա չի նշանակում, որ Ռուսաստանը պատրաստվում է ինչ-որ կերպ սահմանափակել իր գործունեությունը»,- եզրափակել է Պեսկովը։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում