Ղրղզստանի նախագահի թեկնածուն երկրի իշխանություններին կոռուպցիայի մեջ է կասկածում
Ղրղզստանի իշխանությունները կրկնում են նախորդների սխալները, «ՌԻԱ Նովոստի»-ի հետ զրույցում այսպիսի կարծիք է հայտնել հանրապետության նախագահի թեկնածու, երկրի Ազգային անվտանգության պետական կոմիտեի նախկին ղեկավար Աբդիլ Սեգիզբաեւը:
«Ես հիմա տեսնում եմ, որ ներկայիս իշխանությունը նախագահական ընտրություններում մեկին մեկ կրկնում է Սոորանբայ Ժեենբեկովի սխալները. նույն ԿՀԽ-ները (կազմակերպված հանցավոր խմբավորումները – խմբ.), նույն ճնշումը, նույն վարչական ռեսուրսը»,- հայտարարել է նա:
Սեգիզբաեւի խոսքով՝ տեղեկատվական դաշտում ակնհայտորեն գերակշռում է մեկ թեկնածուն՝ նախագահի նախկին պաշտոնակատար Սադիր Ժապարովը:
«Տեսեք՝ ամբողջ քաղաքում մեկ մարդու պաստառներ են, որը 2 ամիս առաջ բանտում էր: Միայն պաստառների համար նրանք միլիոն դոլար են ծախսել: Ես հարցնում եմ՝ որտեղի՞ց այդ փողը: Եթե փողը տվել են օլիգարխները, արդյոք դա կաշա՞ռք չէ: Եթե պետծառայողները, ապա արդյոք սա կոռուպցիոն սխեմա՞ չէ: Հանրության շրջանում շատ հարցեր կան: Կարծում եմ, որ այսպիսի ճանապարհով մենք լեգիտիմ իշխանություն չենք ընտրի: Այպիսի ճանապարհով նույնիսկ ընտրություններից հետո հանրության շրջանում շատ հարցեր կմնան»,- նշել է թեկնածուն:
2020 թվականի հոկտեմբերի 5-ին Ղրղզստանում բռնկվել էին բողոքի զանգվածային ցույցեր, որոնք համաձայն չէին հոկտեմբերի 4-ին անցկացված խորհրդարանական ընտրությունների արդյունքներին: Ուժայինների հետ ցուցարարների բախումներից հետո խորհրդարան չանցած ընդդիմադիր կուսակցությունների համախոհները գրավել էին խորհրդարանի շենքը, որտեղ էր տեղակայված նաեւ նախագահի աշխատակազմը: Բախումների հետեւանքով տուժել էր ավելի քան 1,2 հազար մարդ, մեկը մահացել էր: Ղրղզստանի վարչապետ Կուբաթբեկ Բորոնովը հրաժարական էր ներկայացրել: Երկրի նախագահ Սոորոնբայ Ժեենբեկովը, նրա մամուլի քարտուղարի պնդմամբ, ամբողջ ժամանակ եղել է Բիշքեկում եւ վերահսկել իրավիճակը: Ցույցերի ֆոնին Ղրղզստանի ԿԸՀ-ն ընտրությունների արդյունքները անվավեր էր ճանաչել:
Կարծիքներ