Արսեն Թորոսյանը էստոնացի գործընկերներին է ներկայացրել Լաչինի միջանցքի շրջափակման և դրա հետևանքների վերաբերյալ մանրամասները

Արսեն Թորոսյանը էստոնացի գործընկերներին է ներկայացրել Լաչինի միջանցքի շրջափակման և դրա հետևանքների վերաբերյալ մանրամասները

ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանի գլխավորած պատվիրակության կազմում Էստոնիա է մեկնել նաև Արսեն Թորոսյանը՝ որպես Հայաստան-Էստոնիա միջխորհրդարանական բարեկամական խմբի ղեկավար:

Այս մասին Թորոսյանը գրել է «Ֆեյսբուք»-ի իր էջում և տեղեկացրել, որ երեկ՝ հունվարի 15-ին տեղի է ունեցել հանդիպում Էստոնայի հայ համայնքի հետ։ Այն անցել է անկեղծ և ջերմ մթնոլորտում, որի ընթացքում նախագահի բացման խոսքից հետո ներկաները հնարավորություն են ունեցել հարցեր ուղղել նախագահին և պատվիրակության մյուս անդամներին:

Ըստ Թորոսյանի, մեր հայրենակիցներին հուզող ամենակարևոր հարցերը վերաբերել են Հայաստան-Ադրբեջան հարաբերություններին և Արցախի հիմնահարցին, հատկապես Լաչինի միջանցքի արգելափակմանը Ադրբեջանի կողմից, որն արդեն տևում է մեկ ամսից ավելի:

Այսօր նախագահի գլխավորությամբ հանդիպումներ է տեղի ունեցել Էստոնիայի նախագահի և վարչապետի հետ, քննարկվել են երկկողմ և եվրոպական օրակարգի հարցեր, ինչպես նաև մեր տարածաշրջանում տևական խաղաղություն ապահովելուն ուղղված ջանքերին վերաբերող հարցեր:

«Հանդիպումների ընթացքում էստոնացի գործընկերներին է ներկայացվել հայ-ադրբեջանական և տարածաշրջանային հիմնախնդիրները, Լաչինի հումանիտար միջանցքի շրջափակման և դրա հետևանքների վերաբերյալ մանրամասները։ Այս համատեքստում նաև գոհունակություն է հայտնվել Լաչինի միջանցքի ապաշրջափակման վերաբերյալ Էստոնիայի հստակ դիրքորոշման համար»,-գրել է Թորոսյանը։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում