Հայաստանում կկազմակերպվի «STARMUS FESTIVAL VI. 50 տարի Մարսի վրա» փառատոնը:
ՀՀ ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանն ընդունել է «STARMUS» փառատոնի հիմնադիր, Կանարյան ինստիտուտի աստղաֆիզիկոս Գարիկ Իսրայելյանին: Հանդիպմանը ներկա էր նաև նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը: Այս մասին հայտնում են ՀՀ ԿԳՄՍ նախարարությունից։
2022 թ.-ի սեպտեմբերին նախատեսվում է Հայաստանում կազմակերպել «STARMUS FESTIVAL VI. 50 տարի Մարսի վրա» փառատոնը: Այն կկազմակերպվի «50 տարի Մարսի վրա» խորագրի ներքո և նվիրված կլինի Մարսի վրա առաջին վայրէջքի 50-ամյակին. 1971 թ-ին Խորհրդային Միությունը Մարս է իջեցրել «Մարս-3» սարքը, որի մեջ էր գտնվում ազգությամբ հայ գիտնական-ինժեներ Ալեքսանդր Քեմուրջյանի «մարսագնացը»:
Հանդիպման նպատակն էր քննարկել փառատոնի նախապատրաստական աշխատանքներում համատեղ քայլերը, առաջիկա անելիքները, հայաստանյան փառատոնի մանրամասները:
«STARMUS» փառատոնի տեսլականն է ստեղծել երիտասարդ սերնդի համար նոր ձևաչափեր և հնարավորություններ, ոգեշնչել նոր հմտություններ ձեռք բերելու ցանկությամբ, բարձրացնել գիտելիքի տարածման և ուսումնառության մակարդակը՝ այն հասանելի դարձնելով բոլորի համար: Փառատոնի կազմակերպումը կստեղծի նաև համագործակցության նոր հնարավորություններ արվեստի և գիտության բնագավառներում:
Նախարար Վահրամ Դումանյանը հետաքրքրվել է նախատեսվող ծրագրերի, դրանց կազմակերպչական հարցերի մասին: Գ. Իսրայելյանը խոսել է City program («Քաղաքային ծրագիր») միջոցառումից, համաձայն որի՝ հրավիրյալ մեծահամբավ բանախոսները շրջելու են դպրոցներում և համալսարաններում, հանդես են գալու դասախոսություններով, կիսվելու են իրենց փորձով:
«Կարող ենք թեմատիկ բաժանում անել՝ ունենալ օրեր՝ նվիրված ֆիզիկային, գենետիկային, աստղագիտությանը և այլն: Ստացվում է՝ կրթական համակարգը ներառում ենք փառատոնի մեջ»,- ասել է Գ. Իսրայելյանը:
Արթուր Մարտիրոսյանը շեշտել է, որ ի թիվս այլ նպատակների՝ նախարարությունը կարևորում է փառատոնի անցկացումը գիտության մասսայականացման, նոր սերնդի շրջանում գիտության նկատմամբ հետաքրքրության զարգացման տեսանկյունից:
Փառատոնին ընդառաջ՝ «STARMUS»-ի խորհրդատվական խորհուրդը կհայտարարի այն մասնակիցների ցանկը, որոնք հավաստել են 2022 թ.–ի սեպտեմբերին ՀՀ-ում փառատոնին իրենց մասնակցությունը: Նախնական պայմանավորվածությամբ՝ նախատեսվել է հոկտեմբերին կազմակերպել ասուլիս՝ հայտարարելու բանախոսների անունները:
«STARMUS» փառատոնը Հայաստանում լինելու է շատ մատչելի և հասանելի ուսանողների, դպրոցականների և առհասարակ բոլոր քաղաքացիների համար: Նախատեսվում է, որ հինգ օր շարունակվող փառատոնին մասնակցելու են տասնյակ հազարավոր քաղաքացիներ և հյուրեր արտերկրից:
Փառատոնին ակնկալվում է 70-ից ավելի աշխարհահռչակ տիեզերագնացների, ինժեներների, գիտնականների, որոնց թվում՝ Նոբելյան մրցանակակիրների մասնակցություն: Կկազմակերպվի 1 համերգ՝ համաշխարհային երաժշտության գերաստղի մասնակցությամբ, այլ համերգներ՝ ևս 5 աշխարհահռչակ աստղերի մասնակցությամբ: «STARMUS»-ի հայաստանյան փառատոնին ընդառաջ կազմակերպիչներն աշխարհի առնվազն 4 մեգապոլիսներում նախատեսում են կազմակերպել շնորհանդեսներ և մամուլի ասուլիսներ՝ միտված հայաստանյան փառատոնի վերաբերյալ միջազգային իրազեկության բարձրացմանը: Ասուլիսներին կհրավիրվեն Հայաստանի Հանրապետության բարձրաստիճան ղեկավարներ: Փառատոնին մասնակցության գրանցումը պլանավորվում է սկսել դեկտեմբերին՝ այդ նպատակի համար ստեղծվելիք էլեկտրոնային հարթակում:
Կարծիքներ