Փաշինյանը ներկա է գտնվել Եղեգնաձորի բժշկական կենտրոնի բացման արարողությանը

Փաշինյանը ներկա է գտնվել Եղեգնաձորի բժշկական կենտրոնի բացման արարողությանը

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է Վայոց ձորի մարզ և ներկա գտնվել Եղեգնաձորի բժշկական կենտրոնի բացման արարողությանը:

Վարչապետը շնորհավորել է ներկաներին բժշկական կենտրոնի բացման առիթով և շնորհակալություն հայտնել նախագիծն իրականացրած կառույցներին, Հայաստանի Հանրապետության հարկ վճարող քաղաքացիներին:

«Այսպիսի ավանդույթ կա, երբ լսարաններ, հիվանդասենյակներ, բաժիններ են նորոգվում կամ կառուցվում, ընդունված է ցուցատախտակներ փակցնել, թե ովքեր են ֆինանսավորել այդ կառույցների շինարարությունը: Ես ուզում եմ ասել, որ այս բժշկական կենտրոնի պատերին գրված է Հայաստանի Հանրապետության բոլոր հարկ վճարողների անունները, ովքեր մասնակցել են այս կառույցի ստեղծմանը: Եվ ուզում եմ ընդգծել, որ վերջին մեկ տարվա ընթացքում Եղեգնաձորում երկու մեծ կառույց ենք շահագործման հանձնել, մյուսը թիվ 1 դպրոցն է: Շատ եմ կարևորում այս կապը, որպեսզի Հայաստանի Հանրապետության յուրաքանչյուր քաղաքացի, յուրաքանչյուր հարկ վճարող պատկերացնի, թե ինչպես է իր աշխատանքը դառնում այսպիսի արդյունք»,- ասել է վարչապետը:

Կառավարության ղեկավարն ընդգծել է հարկ վճարելու արդյունավետ համակարգի ստեղծման կարևորությունը:

«Հարկ վճարողներին իրենց հարկերը վճարելու համար հարկավոր է տեղ, ճանապարհ: Եվ սրա համար անհրաժեշտ են պետական պաշտոնյաներ, որոնք կզբաղվեն հարկ վճարելու այդ համակարգը ստեղծելով, որովհետև հարկ վճարողը չի կարող փողոցով անցնելիս իր բաժին հարկը դնել մայթին, նստարանին կամ թողնել տրանսպորտային միջոցի մեջ, զբոսայգու ծառի տակ: Հարկավոր է, որ լինի այդ հարկերը վճարելու համակարգ, որը ստեղծում են մարդիկ, որոնց պարտականությունն է դա անելը, որովհետև ո՛չ շինարարի, ո՛չ ոստիկանի, ո՛չ էլ բժշկի պարտականությունը չէ այդ հարկ վճարելու համակարգը ստեղծելը: Եվ սա է պատճառը, որ ՀՀ-ում գոյություն ունի Պետական եկամուտների կոմիտե:

Եվ ՊԵԿ-ի աշխատանքը ոչ միայն հետևելն է, թե ով հարկ չի վճարում և նրանց նկատմամբ վարչական պատասխանատվություն կիրառի, այլև՝ ստեղծել համակարգ, որպեսզի մարդիկ հնարավորինս արագ և հարմարավետ այդ հարկերը վճարեն: Եվ, հասկանալիորեն, այդ հարկերի վճարումն առավել հուսալի դարձնելու նպատակով այդ աշխատողների համար պետք է ստեղծել այնպիսի պայմաններ, որպեսզի, ինչպես ընդունված է ասել՝ «նրանց աչքը դրսում չլինի»»,- ասել է Նիկոլ Փաշինյանը՝ այդ համատեքստում ընդգծելով աշխատողներին բարձր աշխատավարձ տրամադրելու անհրաժեշտությունը:

Վարչապետը կարևորել է մարզերում բժշկական կենտրոնների արդիականացման ծրագրերի իրականացումը:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում