Կոչ եմ անում խախտել ԱՄՆ ամոթալի լռությունն ու ճանաչել Ցեղասպանությունը. Ադամ Շիֆը՝ Ջո Բայդենին
ԱՄՆ կոնգրեսական Ադամ Շիֆը Ֆեյսբուքի իր էջում գրել է, որ վերջին շաբաթների ընթացքում հեռախոսազրույցներ է ունեցել ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի վարչակազմի բարձրաստիճան պաշտոնյաների հետ՝ ԱՄՆ նախագահին կոչ անելով խախտել Միացյալ Նահանգների ամոթալի լռությունն ու պաշտոնապես ճանաչել Հայոց ցեղասպանությունը:
«Երկար տարիներ ԱՄՆ նախագահները Թուրքիային թույլատրել են սպառնալ ու ահաբեկել՝ խոչընդոտելով ճշմարտությունը հայտնելու մեր բարոյական պարտավորության կատարմանը: Թուրքիայի հետ մեր հարաբերությունները չպետք է կառուցվեն Հայոց ցեղասպանության ժխտման հարցում մեղսակցության վրա: Ժխտումը հակասում է ամերիկյան արժեքներին և վիրավորում է Երևանի և ամբողջ աշխարհի միլիոնավոր հայերին, այդ թվում՝ իմ տասնյակ հազարավոր ընտրողներին:
Հուսով եմ՝ Հայոց ցեղասպանության 106-րդ տարելիցին ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը, հարգելով իր խոստումը, կճանաչի մարդու իրավունքների ոտնահարման պատմական այս փաստը որպես 20-րդ դարի առաջին ցեղասպանություն»,- գրել է ամերիկացի կոնգրեսական Ադամ Շիֆը:
Կարծիքներ