Ռոմա-Սպեցիա խաղի հաշիվը փոխվել է հռոմեացիների՝ 6 փոփոխություն անելու պատճառով

Ռոմա-Սպեցիա խաղի հաշիվը փոխվել է հռոմեացիների՝ 6 փոփոխություն անելու պատճառով

Իտալական Ա Սերիայի մարզական դատարանի որոշմամբ Իտալիայի Գավաթի խաղարկության՝ «Ռոմա»-«Սպեցիա» (2-4) խաղի վերջնական արդյունքը փոխվել է 0-3-ի, հայտնում է Get Italian Football News-ը: Սա տեղի է ունեցել այն պատճառով, որ հռոմեացիների գլխավոր մարզիչ Պաուլո Ֆոնսեկան խաղի ընթացքում 6 փոխարինում է կատարել, չնայած կանոնակարգով թույլատրվում է միայն 5-ը:

Հանդիպման հիմնական ժամանակն ավարտվել է 2-2 հաշվով: «Սպեցիան» 6-րդ րոպեին բացել է հաշիվը: Գոլի հեղինակ է դարձել Անդրեյ Գալաբինովը: 9 րոպե անց Ռիկարդո Սապոնարան կրկնապատկել է հյուրերի առավելությունը: Ընդմիջումից առաջ «Ռոման» կրճատել է հաշվի տարբերությունը Լորենցո Պելեգրինիի խփած գոլից հետո: 73-րդ րոպեին Հայաստանի ազգային հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանը հավասարեցրել է հաշիվը ու խաղը տեղափոխվել լրացուցիչ ժամանակ:

Այստեղ արդեն՝ հենց մեկնարկում, «Ռոման» մնացել է 9 հոգով: Նախ երկրորդ դեղին քարտն է ստացել Ջանլուկա Մանչինին: Մեկ րոպե անց Պաու Լոպեսն ուղիղ կարմիր քարտով է հեռացվել դաշտից: Հանդիպման 107-րդ րոպեին Դանիելե Վերդեն երրորդ գնդակն է ուղարկել «Ռոմայի» դարպասը, իսկ հանդիպման վերջնահաշիվը 120-րդ րոպեին ձևակերպել է Սապոնարան:

Այս կերպ, «Ռոման» դուրս է մնացել Իտալիայի Գավաթի խաղարկությունից:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում